Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։
ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է Իրանի դեսպանատանը։
«Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերից սկսած Իրանը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը սատարում է Ռուսաստանը, ինչը կտրուկ հակադիր է իր շահերին։ Թեհրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության, իսկ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության շրջանակում։
Իրանական կողմից հնչող արձագանքները հաջորդեցին օգոստոսի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած այն հայտարարություններին, թե Երեւանն է խոչընդոտում Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների բացումը։
Մասնավորապես սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Սրան հաջորդել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի սեպտեմբերի 6-ի գրառումը X-ի էջում, որ հարեւան երկրների տարածքային ամբողջականության սպառնալիքը եւ սահմանների վերագծումը կարմիր գիծ է Իրանի համար։
«Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի են եւ կարմիր գիծ Իրանի համար»,- գրել էր Իրանի ԱԳ նախարարը։
Բաքուն պնդում է, որ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ իր տրանսպորտային կապը առանց մաքսային հսկողության պետք է ապահովվի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Երեւանն էլ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տամադրելու Նախիջեւանի հետ կապի համար միայն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում՝ բացառելով արտատարածքային միջանցքի գաղափարը։