44-օրյա պատերազմում պարտության, քաղաքական ու դիվանագիտական նվաստացման կարեւորագույն դասն այն պետք է լիներ, որ հակառակորդին չի կարելի թերագնահատել, նրան հարկավոր է ճանաչել ու հասկանալ։ Հարկ է սովորել ու վերլուծել հակառակորդին՝ նրա իսկ աշխարհայացքից ու մոտիվացիայից ելնելով։
Ինչու պետք է այս առաջին հայացքից պարզ, բայց առանցքային միտքը հիշել։
Վերջերս տարբեր լրատվականներում, հատկապես պրոիշխանական ուղղվածության, տարատեսակ վերնագրերով հանդիպում եմ Ադրբեջանին ու Ալիեւին թերագնահատող, ծաղրող բովանդակության։ Ալիեւին կոչում են սեփական հաղթանակից գլուխը կորցրած, խաղամոլ, անհաշվենկատ, Ռուսաստանի հրամանները կատարող, Թուրքիայի կատարածու եւ այլն։
Հայաստանյան քաղաքական դաշտին, դերակատարներին ու ղարաբաղյան հակամարտության քարոզչական նարատիվներին ծանոթ մարդու մեջ ակամայից կարող են զուգահեռներ առաջանալ Սերժ Սարգսյանի ու նախապատերազմյան շրջանի Փաշինյանի իշխանությունների քարոզչական հնարքներին՝ կիլդիմ մուլտերի ու այլնի տեսքով։ Երբ Ադրբեջանն ու Ալիեւը ոչ միայն դեմոնիզացվում էին, այլեւ պատկերվում որպես իռացիոնալ, խելագար, սեփական «տեղն ու չափը» չճանաչողներ, որոնք չեն հասկանում տարածաշրջանային իրողությունները, չեն կարողանում գնահատել սեփական կշիռն ու իռացիոնալ, նույնիսկ կասեի «մոլագար» վարք են դրսեւորում Հայաստանի Հանրապետության ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Հայաստանն ու իր հասարակությունը զինադադարի մեջ է, ունի օկուպացված տարածքներ, բանակի վերակազմավորման հրամայական, փակ սահմաններ, տարածքային պահանջներով հակառակորդ։ Այս պայմաններում հասարակությանը պարզունակ մանիպուլյացիաներով մոլորեցնելը հղի է նոր՝ 44-օրյա աղետով։ Պետությունն ու հասարակությունը, որն այսպիսի պայմաններում է, չի կարող իրեն թույլ տալ հակառակորդին ատել կամ թերագնահատել. դա բթացնում է զգոնությունը ու խեղում բանական, ռացիոնալ ընկալումները։
Մեզ պետք է մնալ սառնասիրտ, գործել արհեստավարժ, թեկուզ եւ գերագնահատել, բայց ոչ երբեք դեմոնիզացնել կամ թերագնահատել մեր հակառակորդներին։ Այս նույնը վերաբերում է թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք կարիք ունենք հասկանալու, թե ինչու ալիեւյան Ադրբեջանին խաղաղություն հարկավոր չէ, ինչու է նա ընտրել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, պահենք ստատուս քվոն, եւ ինչ կարող ենք անել մեզ ակնհայտորեն թուլացնող ու քայքայող այս իրավիճակից դուրս գալու համար։
Թե՛ իշխանությունն ու թե՛ ընդդիմությունը այդպիսի հարցերին պատասխանելու փոխարեն զբաղված են կա՛մ հակառակորդի դեմոնիզացիայով՝ հռչակելով նրանց «հավերժ թուրք, խաղամոլ կամ այլոց սպասարկու», կա՛մ էլ ամեն տարի աշուն-ձմեռ սեզոնին ժողովրդին խոստանալով խաղաղության պայմանագիր, որը ներկայիս խմբագրմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ բարի ցանկությունների հուշագիր կամ չպարտադրող խոստումների անզոր մի թուղթ։ Ավելին՝ նախապատերազմյան մեր տարիները պետք է հուշեին, որ հակառակորդին պետք է վերաբերվել ոչ թե որպես թիրախի, որին պետք է ոչնչացնել, այլ, նախեւառաջ, որպես քաղաքական հակառակորդի, որի հետ վաղ թե ուշ պետք է հայտարարի գալ։ Հասարակությանը տրամադրել, թե քո հակառակորդը մոլագար է, խելագար, խաղամոլ կամ իռացիոնալ մեկը, վստահաբար ոչ թե աջակցում է այդ նպատակին, այլ պարզապես հնարավորություն տալիս ալիբի ունենալու ընթացիկ բանակցությունների փակուղում հայտնվելու եւ ձախողման համար։
Այսպիսի մեդիա մթնոլորտը, ինչպես նշեցինք, նոր չէ եւ դրանով իսկ ծանոթ ու հասկանալի է մարդկանց։ Մարդիկ հակում ունեն վերարտադրելու իրենց պատկերացումները, իսկ իշխանությունը՝ մատուցելու ու վերարտադրելու դրանք՝ դրանով իսկ ազատվելով քաղաքական պատասխանատվությունից եւ ապագայի ձախողումը բարդելով հասարակության ուսերին։ Գործող իշխանությունը 2020 թվականի պարտությունից ի վեր փորձում է ներշնչել ու համոզել հասարակությանը, որ թե՛ պատերազմի պարտությունը, թե՛ ձախողված ինստիտուտներով պետությունը ոչ թե քաղաքական կուսակցությունների, գործիչների, իրար փոխած իշխանությունների ու կառավարությունների, երկրի ղեկավարների ու էլիտաների պատասխանատվության մաս են, այլ մարդկանց՝ պատմական հայրենիքի ու պատմական հիշողության բեռի ու անիրագործելի երազանքի ուղղակի արդյունք։ Եվ որ այդ բոլոր ձախողումներն ու աղետների պատասխանատուն հասարակությունն է, իսկ իրենք՝ քաղգործիչները, այդ հասարակության հլու ենթակա են եղել ու անկամ գործիքը։ Սա ոչ այլ ինչ է, քան տրամաբանության գլխիվայր հեղափոխում, պատասխանատվությունը ռեսուրսներ ու լիազորություններ ունեցողներից բոլորի, այսինքն՝ ոչ մեկի վրա թողնելը։
Նույն տրամաբանությունն է գործում նաեւ մարդկանց անիրատեսական, անիրական, խիստ վտանգավոր ու իռացիոնալ նարատիվներով սնելու հարցում, որպեսզի վերահաս աղետի կամ նոր պատերազմի դեպքում մարդիկ արդեն պատրաստ լինեն լսելու, որ Ալիեւը «ի բնե» մեղավոր էր, խաղամոլ էր, ռուսի ու թուրքի կատարածու էր, եւ Հայաստանի քաղաքական վերնախավը ուղղակի անզոր, իմպոտենտ դիտորդ է՝ ժողովրդի նույն արժեքներն ու պատկերացումները կիսող։ Այն ժողովրդի, որի հավաքական գիտակցությունն ու բանականության վերջին նշույլները նրանք ամեն օր ու հետեւողականորեն ոչնչացնում են իրենց թունավոր քարոզչությամբ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։