Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին՝ նոյեմբերի 28-ին, Հելսինկիում հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի եւ երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը թե՛ արտգործնախարար Վալտոնենի եւ թե՛ նախագահ Ստուբի հետ հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցեր։
«Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման դինամիկային, այդ ուղղությամբ հասարակության շրջանում ակտիվ քննարկումներին, մշակվող գործընկերության նոր օրակարգի լայն շրջանակին եւ հնարավոր հեռանկարներին։ ԵՄ կառույցների եւ անդամ երկրների հետ համագործակցությամբ կիրառվող կարեւոր գործիքների շարքում մատնանշվել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաեւ ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության կարեւորությունը»,- ասվում է Միրզոյանի եւ Վալտոնենի հանդիպման վերաբերյալ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի արտգործնախարարի եւ նախագահի հետ հանդիպումներին ներկայացրել է տարածաշրջանային հարցեր եւ հայ-ադբեջանական խաղաղության բանակացային գործընթացը։
«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ ՀՀ Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը եւ ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները»,-ասվում է Միրզոյանի եւ նախագահ Ստուբի հանդիպման վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։