Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ ընտրակաշառք տալու գործով երկու ամսով կալանավորել պատգամավորության թեկնածուին:
Ըստ մեղադրանքի` կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները համակարգող թեկնածուն այդ գրասենյակի քարտուղարի հետ միասին ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել իր կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Կաշառքը 7.000-ական դրամ արժողությամբ սննդամթերքի շուրջ 80 փաթեթ է։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու նպատակով նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ նրան հանձնարարելով ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:
«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը եւ նույն գրասենյակի քարտուղարը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում»,- նշված է դատախազության հայտարարության մեջ:
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը
Հաշվի առնելով, որ ձերբակալվածներից կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավարը նաեւ ընդգրկված էր տվյալ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերեւույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները:
Եվս 7 անձի նկատմամբ
Այս գործով քրեական հետապնդում է հարուցվել եւս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով:
Նշենք, որ կալանավորվածը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 83-րդ համարը ներկայացնող Գավառի բնակիչ, ԲՀ Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Արամայիս Ապրոյանն է։
Ի նպա՞ստ, թե՞ ի վնաս դաշինքի
Կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածու, Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետ Ռ. Խ.-ի՝ դաշինքի օգտին քվեներ ապահովելու եւ Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ:
«ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել եւ վերցվել է դեպքի վայրի զննությամբ»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
ԿԸՀ-ի որոշումից հետո
Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ նույն օրը Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությանը: Ռ. Խ.-ն եւ Գ.Պ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին եւ ձերբակալվել:
Պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար գլխավոր դատախազությունը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ-ի որոշումից հետո նոր միայն հայտնի կլինի՝ մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: