Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) միջեւ համագործակցությունը ռազմական ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է։ Այդ մասին նոյմբերի 29-ին հայտարարել է Փհենյանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ հյուսիսկորեացի գործընկեր Նո Գվան Չխոլի հետ հանդիպմանը։
«Մենք վճռական ենք՝ իրականացնելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, որ ռուսական կողմն ակնկալում է արդյունավետ եւ սերտ «փոխգործակցություն կորեացի ընկերների հետ»։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընթացիկ տարվա հունիսին Փհենյան կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ ստորագրել էր համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը Պետդուման վավերացրեց հոկտեմբերի 14-ին։
Պայմանագրի չորրորդ հոդվածով կողմերը պարտավորվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել «իրենց ունեցած բոլոր միջոցներով», եթե կողմերից մեկը ենթարկվի մեկ կամ մի քանի պետությունների զինված հարձակմանը։
Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ Հյուսիսային Կորեայից 10-12 հազար զինվորական է ուղարկվել Ռուսաստանի արեւելյան շրջաններ, որոնք հետագայում պետք է տեղափոխվեին Կուրսկի մարզ՝ ուկրաինական բանակի դեմ գործողություններին ներգրավվելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն նոյեմբերի սկզբներին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին ռազմական բախումներն են ունեցել ԿԺԴՀ-ի զինվորականների հետ։