Ռուսաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ չի խուսափում իր բոլոր միջոցներով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուց։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։
Դիվանագետը նաեւ նշել է, որ Ռուսաստանն այժմ աշխատում է Հարավային Կովկասի «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։
«Մենք կարեւոր տեղ ենք հատկացնում տարածաշրջանի բոլոր երկրների շահերը ներդաշնակեցնող «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածել Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց հարեւան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» խորհրդակցական հարթակը ձեւավորելու առաջարկը Թուրքիայից եւ Իրանից հնչել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հարթակի առաջին նիստը գումարվել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ 2024-ի հոկտեմբերին Ստամբուլում։
Երկու նիստերին էլ Վրացական կողմը հրաժարվել էր մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում տարածաշրջանային համագործակցության հարցեր քննարկելու Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է իր տարածքի 20 %-ը։