Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել էր «Քեզ համար, Հայաստան» խորագրով իր ամենամյա դրամահավաքը։ Հիմնադրամի 27-րդ հեռուստմարաթոնի ընթացքում այս տարի հաջողվել է հավաքել ավելի քան 13,5 մլն ԱՄՆ դոլար։
Սա, ըստ հիմնադրամի տնօրեն Հայկ Արշամյանի, հիմնադրամին ուղղված վստահության աճի վկայությունն է։
Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել էր, որ ամբողջ հասույթը ուղղվելու է մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը, որոնք ներառելու են սահմանային համայնքների համար խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի վերակառուցումն ու կառուցումը, բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սահմանային համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արեւային կայանների տեղադրումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը, բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացումը եւ այլն։
Բացի վերոնշյալից՝ «Հեռուստամարաթոն-2024»-ին ներկայացվել են երկու նոր լայնամասշտաբ նախագծեր, որոնք իրականացվելու են 2025-2026 թվականների ընթացքում։ Այդ նախագծերից մեկը իրականացվելու է «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, որի շրջանակում նախատեսվում է Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ու նրանց ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում:
Մյուսը ենթադրում է ԼՂ մշակութային ժառանգության կենտրոնի եւ արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում: