Երկու Կիպրոսները իրարից բաժանող սահմանին եմ.
-Անցի՛ր, եթե կարող ես: Մյուս կողմը լրիվ այլ պատմություն է,- ասում է Նիկոսիայի սահմանային անցակետի ոստիկանը՝ մի քիչ ժպիտ ավելացնելով դեմքին,- այս կողմը խնդիր չունես, բայց մյուս կողմ քո այդ անձնագրով չես կարող անցնել:
Անձնագիրս ձեռքից վերցնելով՝ հեռանում եմ:
Այս խորհրդավորությունը հաճախ եմ ապրել Կիպրոսում, հատկապես Նիկոսիայի հին թաղերով անցնելիս: Խաղաղ սահմանին մոտենալով՝ բնավ էլ չես պատկերացնում, որ արգելքներ կան այս երկրում, չես պատկերացնում, թե ինչ-որ սահմաններ չես կարող անցնել…
Նիկոսիան երկու մասի է բաժանված: Այն մասը, որի փողոցներով քայլում եմ, խայտում է արեւի տակ. հին ու նոր կիպրացիների կողքին ամեն ազգ կա՝ աշխատանքային միգրանտներ, փախստականներ, Արեւելյան Եվրոպայից ձմռան արեւը վայելելու համար այստեղ հասած զբոսաշրջիկներ:
Փողոցներում լսվում են արաբերեն, անգլերեն, հունական շեշադրումով անգլերեն: Կյանքը հանդարտ է Նիկոսիայում, ո՜վ կասի, որ ուղիղ հիսուն տարի առաջ մեծ փորձությունների միջով է անցել երկիրը, արյունալի պատմություններ են եղել, որից հետո սահման է գծվել, եւ անձնագիրը ստուգող ոստիկանն էլ այնտեղ է հենց դրա համար:
1973-ին այս կղզու մոտ 38 տոկոսը բռնագրավվել է թուրքական բանակի կողմից՝ նրա դաշնակիցների անմնացորդ աջակցությամբ, «կանաչ լույս» է տրվել Թուրքիային, եւ երկրի մի մասը դարձել է «թուրքական Կիպրոս»: Արյունալի դեպքեր են եղել: Թուրքիան իր այդ քայլով վերջ է տվել համակեցությանը, ըստ որի՝ հույն եւ թուրք կիպրացիները, նաեւ հայերն ու այլ փոքրամասնությունները, դարերով ապրել են միասին. նրանք Միջերկրականի ջրերի վրա համատեղ կերտել էին իրենց խաղաղությունը…
Հիսուն տարի առաջ տեղի ունեցած այդ ներխուժման մասին շատ քիչ բան է հուշում հիմա. թերեւս հին թաղերում Մակարիոս Արքեպիսկոպոսի լուսանկարներն են, որ պատմում են այդ օրերի մասին։
Հին, փոշոտ խանութների փողոցներում, վաթսունականների լեզուն խոսող վայրերում ներկայություն է այդ արքեպիսկոպոսի պատկերը, որ շատերի համար շարունակում է մնալ Կիպրոսի արդի պատմության հերոսներից մեկը։ Հենց նրա ղեկավարության օրոք էլ տեղի է ունեցել թուրքական ներխուժումը…
Այսօր քչերն են համարձակություն ունենում վերադառնալ հին օրերի պատմություններին եւ խոսել կիպրական թնջուկի մասին, քանի որ խճճված, իրար վրա դարսված խնդիրների մեծ խրձի տակ վրեժխնդրություն եւ ատելություն կա թաքնված: Քչերն են ուզում փորփրել այդ ատելության եւ վրեժխնդրության խուրձը: Նրանք խաղաղությանը հարմարվել են. ո՞վ կուզենա վերադառնալ հին պատմություններին, որ ոչ մի բան չի տալու, այլ միայն խանգարելու է եվրոպական չափանիշերով կառուցված իրենց կյանքը: Նրանք հասկացել են՝ Կիպրոսի հարցը իրենցից կախված չէ, մեծ տերություններն են, որ գծում են քարտեզները: Ժամանակին եղած սխալներն այսօր չես ուղղի եւ մանավանդ՝ վրեժխնդրությամբ չես ուղղի:
Նոր Մերձավոր Արեւելք է ձեւավորվել դրանից հետո, Միացյալ Նահանգները նոր խաղաոճ է ընտրել, հիմնական թեմաները մնում են նավթի եւ գազի պաշարները, որն էլ կազմում է կիպրական մեծ խնդրի հիմնական առանցքը։
Կիպրահայերը մեկ այլ առանցք էլ ունեն այս խնդրում. նրանք Նիկոսիայի սահմանի մյուս կողմում կանգնած թուրքական զորքերի ներկայության մեջ դարավոր թշնամի են տեսնում, բայց մյուս կողմից էլ ասում են, որ կապրեին կիպրացի թուրքերի հետ, որոնք այնքա՜ն տարբեր են «մյուս» թուրքերից:
Աշխարհի թեժ կետերի քարտեզի վրա նշված է նաեւ կիպրական խնդիրը, բայց տեղում լինելով՝ չես պատկերացնում, որ նման խնդիր կա: Շատերին հաճելի է այս թվացյալ խաղաղությունը, որի մեջ կերտում են Կիպրոսի նոր օրերի պատմությունը: Նրանք նույնիսկ իրավունք ունեն իրենց անձնագրերով սահմանն անցնելու, գնալու թուրքական Կիպրոս եւ հետ դառնալու:
Նմա՞ն է այս պատկերը արցախցիների տեղահանումից հետո առաջացած պատկերին, թե՞ ոչ: Հաճախ եմ խորհում, շատերն են հաճախ հարց տալիս… Արդյոք Արցախի խնդրից հիսուն տարի հետո նույն պատկե՞րն է լինելու այստեղ՝ գծված սահման, եւ մարդիկ, որոնք պատրաստ են վերադառնալու եւ ապրելու այլ ազգի մարդկանց հետ կամ գոնե այցելելու իրենց ծննդավայրը… Նման է եւ նման չէ. Արցախի վերքը տակավին թարմ է, եւ մեզ մոտ դեռ շատ շուտ է խոսել այն թմրեցնող (կամ թվացյալ) խաղաղության մասին, որ այսօր տիրում է Կիպրոսում…
Երկու Կիպրոսները իրարից բաժանող սահմանի երկարությամբ խաղաղ անցուդարձ են անում մարդիկ, որոնց համար 1974-ը հեռավոր անցյալ է թվում…
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։