Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Միլլերը նշել է՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ափսոսանք են հայտնում Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելու որոշման կապակցությամբ։
«Մենք դատապարտում ենք ուժի՝ չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, որոնք արդարացիորեն բողոքում են Սահմանադրության այս դավաճանության դեմ։ Եվրամիությունը բաստիոն է Կրեմլի դեմ: Ըստ այդմ, մենք դադարեցնում ենք մեր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ»,- X սոցիալական ցանցում գրել է Միլլերը։
Եվրոպամետ եւ հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելուց։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին ե՛ւ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, ե՛ւ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումում, Զուգդիդում, Քութաիսում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի եւ ցրվեց հատուկ ջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արեւմտյան ուղին։ ՀԿ—ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։
Նորայր Միսկարյան