ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 100 տոկոսի կհասցնի առեւտրային մաքսատուրքերը BRICS երկրների ապրանքների համար, եթե նրանք նոր արժույթ ստեղծեն կամ հրաժարվեն դոլարից։
«Այն գաղափարը, որ BRICS երկրները փորձում են հրաժարվել դոլարից, քանի դեռ մենք մի կողմի վրա կանգնած ենք եւ հետեւում ենք, արդեն ավարտված է: Մենք պարտավորություն ենք պահանջում այս երկրներից, որ նրանք չեն ստեղծի նոր BRICS արժույթ կամ չեն աջակցի մեկ այլ արժույթի, որը կփոխարինի հզոր ԱՄՆ դոլարը, հակառակ դեպքում նրանք կկանգնեն 100% մաքսատուրքերի առաջ եւ ստիպված կլինեն հրաժեշտ տալ ամերիկյան հիանալի տնտեսությանը վաճառելու գաղափարին»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ի էջում։
Նա նաեւ հայտարարել է, որ «ցանկացած երկիր», որը միջազգային առեւտրի համար կփորձի փոխարինել դոլարը, «հրաժեշտ կտա Ամերիկային»։
Հոկտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած BRICS գագաթնաժողովում հիմնական քննարկումները կենտրոնացած էին ոչ դոլարային գործարքների խթանման եւ տեղական արժույթների ամրապնդման վրա:
Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ—ին մեղադրեց դոլարը «որպես զենք օգտագործելու» համար՝ դա անվանելով «մեծ սխալ»։
«Մենք չէ, որ հրաժարվում ենք դոլարն օգտագործելուց։ Բայց եթե նրանք մեզ չեն թողնում աշխատել, ապա ի՞նչ պետք է անենք։ Ստիպված ենք այլընտրանքներ փնտրել»,- հայտարարել էր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ։
Միեւնույն ժամանակ ՌԴ նախագահը բացատրել էր, որ դեռեւս վաղ է BRICS-ի միասնական արժույթի մասին խոսելը։
«Դեռ վաղ է խոսել այս մասին, եւ մենք նման նպատակներ չունենք, քանի որ ընդհանուր արժույթի մասին խոսելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել տնտեսությունների՝ միմյանց հետ ավելի մեծ ինտեգրման, եւ երկրորդ, պետք է ինչ—որ կերպ տնտեսությունների որակը բարձրացնել որոշակի մակարդակի, որպեսզի դրանք իրար շատ նման լինեն, որակով, տնտեսական կառուցվածքով համապատասխանեն»,- ասել էր Պուտինը։
Հիշեցնենք, որ BRICS միջպետական տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավային Աֆրիկայի կողմից: 2024 թվականին կառույցին Ռուսաստանի աջակցությամբ միացան Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան եւ Եգիպտոսը։
Վերջին ամիսներին BRICS-ին միանալու համար պաշտոնական հայտ ներկայացրել են Ադրբեջանը, Թուրքիան եւ Մալայզիան։