ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը մտահոգված է Վրաստանում եվրոպամետ ցույցերի ժամանակ իրավապահների գործողություններով եւ կարծում է, որ «խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների, պղպեղի եւ մահակների օգտագործումը խախտում է խաղաղ հավաքների ազատությունը»։
Հայտարարության մեջ նշված է, որ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, իսկ խաղաղ հավաքների իրավունքը ազատություն է, որը բոլոր ժողովրդավարական հասարակությունների հիմքն է, եւ ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները պարտավոր են ապահովել, որ յուրաքանչյուր ոք ունենա խաղաղ հավաքների եւ ցույցերի իրավունք:
Հիշեցնենք, վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչեւ 2028 թվականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումում, Զուգդիդում, Քութաիսում, Գորիում։