Դեկտեմբերի 1-ի գիշերը Վրաստանի ՆԳՆ ոստիկանական ու հատուկջոկատային ուժերը Թբիլիսիի կենտրոնում կրկին ցրել են զանգվածային բողոքի ցույցը։
Երրորդ գիշերն անընդմեջ ցուցարարները հավաքվում են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի կառավարության արտաքին քաղաքական կուրսի դեմ, որն ուղղված է երկրի եվրաինտեգրումը կասեցնելուն։
Ցուցարարները բարիկադներ են կառուցել եւ որոշ հատվածներում կրակ վառել։
ՆԳՆ ուժերը ցուցարարներին ցրելու համար կրկին կիրառել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ «Paper Kartuli»-ն գրում է, որ սրան ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք ոստիկանների դեմ օգտագործել են հրավառության համար նախտեսված պայթուցիկներից պատրաստված ինքնաշեն գնդացիրներ։
Առավոտյան ժամերին ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին խորհրդարանի դիմացից քշել դեպի օպերայի շենք, որից հետո ցուցարարները կրկին հավաքվելով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենք՝ Ճավճավաձե-Մելիքիշվիլի պողոտաների խաչմերուկում։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ գիշերային ցույցերի ընթացքում 50 մարդ է բերման ենթարկվել։ «Rustavi-2»-ն էլ գրում է, որ հաշվի առնելով նախորդ երկու օրերի իրադարձությունները՝ ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 200-ը։
Հիշեցնենք՝ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվեցին նոյեմբերի 28-ի երեկոյան, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչեւ 2028 թվականի վերջը օրակարգ բերելուց։
Բողոքի ակցիաները ընդգրկեցին ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսին, այլ նաեւ Բաթումը, Զուգդիդը, Քութայիսը, Գորին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի «ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին»։ Ընդդիմության գնահատմամբ էլ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արեւմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։