Սիրիական բանակը հայտարարել է, որ մեծ կորուստներ է կրել երկրի հյուսիս-արեւմուտքում ապստամբների հետ վերջին բախումների ժամանակ, որոնք, ըստ տեղեկությունների, արդեն գրավել են կառավարական ուժերի ենթակայության տակ եղած որոշ տարածքներ եւ վերահսկողություն հաստատել Հալեպ քաղաքի մեծ մասի վրա:
Հաղորդվում է, որ հակակառավարական ուժերի գրոհն այնքան մեծ է, որ որոշ հատվածներում բանակը հարկադրված է եղել առանց դիմադրության նահանջել։
«Ահաբեկիչների մեծ քանակությունը եւ բազմաթիվ ճակատները դրդել են մեր զինված ուժերին իրականացնել վերատեղակայման գործողություններ՝ ուղղված պաշտպանական գծերի ամրապնդմանը՝ հարձակումը հետ մղելու, խաղաղ բնակիչների եւ զինվորների կյանքեր փրկելու եւ հակահարձակման պատրաստվելու համար»,- ասվում է սիրիական բանակի հայտարարության տեքստում։
Թուրքիայի կողմից ռազմական աջակցություն ստացող ռազմականացված խմբավորումների, այդ թվում «Ալ-Կաիդայի» նախկին սիրիական մասնաճյուղ համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հարձակումների դեմ բանակի պաշտպանական գործողություններին աջակցություն են ցուցաբերում սիրիական ռազմական ավիացիան եւ Սիրիայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերը։
Հաղորդվում է նաեւ, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում կառավարական ուժերի պաշտպանական ճակատի փլուզման ֆոնին հարձակման են անցել նաեւ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որոնք կարողացել են վերահսկողություն սահմանել Դեյր Հաֆիր, Թել Արան, Թել Հասել քաղաքների եւ Հալեպի Շեյխ Նաջար թաղամասի վրա:
Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի» (SOHR) փոխանցմամբ՝ ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ է սպանվել ապստամբական ուժերի հարձակումներից սկզբից։ Կառույցը նաեւ պնդում է, որ հարձակվող կողմին հաջողվել է վերահսկողություն հաստատել Հալեպի օդանավակայանի եւ հարակից մի քանի տասնյակ բնակավայրերի վրա։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։
Արդեն այսօր Սիրիայի բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Համայի հյուսիսային շրջաններում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումները շաբաթ գիշեր տարբեր զինատեսակներով, անձնակազմով եւ տեխնիկայով ամրացրել են պաշտպանական գիծը, դիմակայել ահաբեկչական կազմակերպություններին եւ թույլ չեն տվել ներխուժել այդ տարածքներ»։
Նշենք նաեւ, որ նախօրեին առաջին անգամ տեղեկություններ հայտնվեցին ստեղծված իրադրության վերաբերյալ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գնահատականների մասին, որը նա տվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նայհանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Սիրիան շարունակում է պաշտպանել իր կայունությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ի դեմս բոլոր ահաբեկիչների եւ նրանց, ովքեր աջակցում են նրանց։ Նա ի վիճակի է իր բարեկամների եւ դաշնակիցների օգնությամբ հաղթելու եւ ոչնչացնելու նրանց՝ անկախ նրանից, թե որքան ակտիվ են ահաբեկչական հարձակումները»,- ասվում է նախագահականի հաղորդագրության մեջ, որը տարածել է երկրի պետական լրատվական գործակալությունը։
Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, հայտնում է, որ հարձակման համար կանաչ լույսը վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։
Նշենք, որ Անկարան այս ամբողջ ընթացքում մեկնաբանություններ չէր տվել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Միայն նախօրեին արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ներգրավված չէ Հալեպի նահանգում ընթացող ռազմական գործողություններում, սակայն անվտանգության որոշակի միջոցառումներ է նախաձեռնում։
«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ […] Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել է Ֆիդանը, որին մեջբերում է Yeni Şafak թերթը։