Դեռեւս շուրջ 2400 տարի առաջ անտիկ հույն փիլիսոփա Արիստոտելն առաջ էր քաշում «Ամենալավ պետական կարգն ունի այն պետությունը, որը բաղկացած է միջին դասից» սկզբունքը։ Իսկ Հայաստանում միջին դաս լինելը գնալով դառնում է ոչ շահավետ, ոչ գրավիչ, նույնիսկ՝ խնդրահարույց ու սթրեսային։
Մի կողմից՝ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, թե պետք է նպաստավոր միջավայր ու պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ հարստանան ու հարստացնեն պետությանը, բայց միեւնույն ժամանակ ներդրվում են խաղի այնպիսի նոր կանոններ, որոնք էականորեն նվազեցնում են բիզնեսով զբաղվելու, տնտեսական գործունեություն ծավալելու գրավչությունը։
Մասնավորապես՝ հաջորդ տարվանից փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կկրկնապատկվի։ Մինչ այս արդեն իսկ կրկնապատկվել էր շրջանառության հարկի դաշտում գործողների հարկային բեռը։ Իսկ ներկայում կատարվող փոփոխություններով՝ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնողները 5-ի փոխարեն կվճարեն 10 տոկոս, արտադրական գործունեությամբ զբաղվողները՝ 3,5-ի փոխարեն 7 տոկոս, հանրային սննդի ոլորտում գործողները՝ 6-ի փոխարեն 12 տոկոս շրջանառության հարկ։
Մեկ այլ նախաձեռնությամբ գործունեության բազմաթիվ տեսակներ շրջանառության հարկից կանցնեն ընդհանուր հարկային դաշտ։ Այս օրերին Ազգային ժողովում բուռն քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած հերթական օրենսդրական փաթեթը, որով խաղի բոլորովին նոր կանոններ են սահմանվում տասնյակ, անգամ հարյուր հազարավոր քաղաքացիների համար։
Մասնավորապես առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից եւ շրջանառության հարկով հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Խոսքը իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեության, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի շինարարության, քաղաքացիական շինարարության, մասնագիտացված շինարարական գործունեության, անշարժ գույքի հետ գործառնությունների՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, ճարտարապետական եւ ճարտարագիտական գործունեության, տեխնիկական փորձարկումների եւ վերլուծությունների, գովազդային գործունեության եւ շուկայի իրավիճակի հետազոտության, մասնագիտական, գիտական ու տեխնիկական այլ գործունեության, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեության, առողջապահական գործունեության տեսակների մասին է:
Կառավարությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորում է մասնագիտական աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման համար միասնական եւ հավասար հարկային միջավայր ձեւավորելու, հարկերի վճարումից խուսափելու եւ այլ նման «բարի» նպատակներով:
Թե ինչ հետեւանքների կարող են հանգեցնել այս բոլոր «նորարարությունները», դժվար չէ պատկերացնելը․ մասնագիտական գործունեություն իրականացնողներից շատերը պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ արդեն նման գործունեությամբ զբաղվելը գրավիչ չի լինի։ Ինչ վերաբերում է մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ապա հարկային փոփոխությունները նրանցից ոմանց համար կլինեն բիզնես գործունեության վերջակետը։ Իսկ ովքեր էլ մնան, ստիպված են լինելու գնալ իրենց կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման։
Սրան գումարենք նաեւ այն, որ փուլ առ փուլ ներդրվում է քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Արդեն հաջորդ տարի, այս տարվա եկամուտների հիման վրա, հայտարարագիր կներկայացնեն աշխատող բոլոր քաղաքացիները` անկախ նրանից՝ աշխատում են պետակա՞ն, թե՞ մասնավոր հատվածում։ Մինչեւ մայիսի 1-ը նրանք պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։
Այս պահանջը վերաբերում է ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում աշխատող ՀՀ քաղաքացիներին։ Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնող հազարավոր քաղաքացիներ դրսում աշխատած իրենց եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն ու դրանց դիմաց հարկեր վճարեն։ Ու թեեւ ժամանակին հայտարարում էին, թե եկամուտների հայտարարագրումը ֆիսկալ նպատակ չի հետապնդում, իրականում լավ էլ հետապնդում է։ Ավելին՝ Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել ՊԵԿ-ի ներկայացրած նոր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՊԵԿ-ին տալ նոր լիազորություններ՝ քաղաքացիների եկամուտների նկատմամբ հսկողություն սահմանելու եւ հարկային պարտավորություններ առաջադրելու համար։
Որպես հավելում հիշեցնենք նաեւ, որ 2025 թվականից սկսած՝ սպասվում է նաեւ գույքահարկի թանկացման նոր փուլը, ինչի հետեւանքով անգամներով կավելանա մարդկանց բնակարանների գույքահարկը։ Ասել է թե՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հաջորդ տարի իր մաշկի վրա կզգա հայրենի իշխանությունների այս բոլոր «բարի» նախաձեռնությունների հետեւանքները։
Գեւորգ Ավչյան