ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին։
«Այս պաշտոնում իմ առաջին օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, եւ ես պահեցի իմ խոսքը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսա, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար եւ անարդարորեն հետապնդում»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որդու դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ «Ես հավատում եմ իրավական համակարգին, բայց նաեւ հավատում եմ, որ հում քաղաքականությունը վարակել է այս գործընթացը եւ հանգեցրել արդարադատության սխալի»,- մեկնաբանել է Բայդենը իր որոշումը: Նա նաեւ հույս է հայտնել, որ «ամերիկացիները կհասկանան, թե ինչու են հայրն ու նախագահը եկել այս որոշմանը»։
Բայդեն կրտսերին ներում է շնորհվել զենքի անօրինական գնումների եւ հարկերից խուսափելու գործերով։ Առաջին գործով դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին, երկրորդում՝ դեկտեմբերի 16-ին։
Սեպտեմբերին Բայդեն կրտսերն իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործով առաջադրված բոլոր մեղադրանքներում, որոնց համար նրան սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում: Իր խոսքերով՝ նա այդ անսպասելի քայլին գնացել է, որպեսզի իր ընտանիքին ազատի եւս մեկ հիվանդագին քրեական վարույթից, որը հաջորդելու էր ամիսներ առաջ զենքի անօրինական գնման գործով նրան մեղավոր ճանաչելու որոշմանը։