Ըստ The Jerusalem Post-ի՝ Իսրայելի խորհրդարանում քվեարկության է դրվել նոր կառավարության ձեւավորման հարցը։ Նոր կառավարությանը կողմ է քվեարկել 60 եւ դեմ՝ 59 պատգամավոր։ Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆտալի Բենետը։
Այսպիսով՝ 72-ամա Բենիամին Նեթանյահուն, որը Իսրայելի վարչապետ էր 2009-ից, վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ չի ղեկավարի Իսրայելի կառավարությունը։
Կառավարության ղեկավարի փոփոխությունը հնարավոր է դարձել, երբ աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետն ու կենտրոնական «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը պայմանավորվել են կոալիցիոն կառավարություն ձեւավորել:
Նրանք հերթով կզբաղեցնեն Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Առաջիկա երկու տարում Բենետը կլինի վարչապետ, իսկ Լապիդը կղեկավարի երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Այնուհետեւ Նաֆտալի Բենետն ու Յաիր Լապիդը պաշտոնները կփոխանակեն մինչեւ հաջորդ ընտրությունները: