Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Անկարայի եւ Թեհրանի միջեւ Սիրիայում ճգնաժամի կարգավորման շուրջ ունեցած տարաձայնությունների մասին։
«Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ Սիրիան պետք է շարժվի դեպի խաղաղություն եւ կայունություն, եւ պետք է պահպանվեն նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր զրույցը շատ անկեղծ էր եւ կառուցողական։ Տեսակետներում, իհարկե, կան հակասություններ, բայց կան նաեւ ընդհանուր տեսակետներ։ Կարեւորն այն է, որ մենք միշտ քննարկել ենք տարաձայնությունները, եւ այժմ պայմանավորվել ենք ավելի շատ խոսել, որպեսզի կառուցողական համագործակցություն ունենանք տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,- նշել է Արաղչին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիա կատարած այցի նախօրեին Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը եւ Թուրքիան չպետք է թույլ տան, որ Սիրիան կրկին դառնա ահաբեկիչների հենակետ եւ տարածաշրջանում անկայունության կենտրոն՝ չնայած սիրիական խնդրի լուծման հարցում երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին։
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։
Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկությանը, հայտնում է, որ հարձակման համար «կանաչ լույսը» վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։
Ռազմական գործողությունների մեկնարկին հաջորդող երեք օրվա ընթացքում Անկարան ձեռնպահ էր մնացել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ տալուց։ Միայն ուրբաթ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ներգրավված չէ Հալեպի նահանգում ընթացող ռազմական գործողություններում, սակայն անվտանգության որոշակի միջոցառումներ է նախաձեռնում։
«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ […] Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել է Ֆիդանը, որին մեջբերում է Yeni Şafak թերթը։