Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Նիկոլ Փաշինյանի գրանցումն ու «ՔՊ» կուսակցության ցուցակն անվավեր ճանաչելու մասին Էդգար Ղազարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի դիմումները։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը իր դիմումում ԿԸՀ-ից պահանջել էր անվավեր ճանաչել «ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը եւ վարչական վարույթ հարուցել:
Ղազարյանը դիմումը հիմնավորել է՝ նշելով, որ հունիսի 7-ից նախընտրական քարոզարշավի ընթացքում պաշտոնապես արձակուրդում գտնվող Փաշինյանը անհավասար պայմաններ է ստեղծել ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուների նկատմամբ եւ խախտել «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի պահանջները՝ քարոզարշավի մեկնելով ՀՀ վարչապետին հատկացված տրանսպորտային միջոցներով՝ օգտագործելով հանրային միջոցներ, մեքենա, վառելանյութ, վարորդի ծառայություններ եւ այլն։
ԿԸՀ-ն նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժել է վարչական վարույթի հարուցումը։ Նա ընդգծել է, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն` նման դիմում կարող էր ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ առաջարկելով վերջինիս դիմել Վարչական դատարան`«ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար։ Զոհրաբյանի հիմնավորմամբ՝ կուսակցության քարոզարշավներն ուղեկցվում են վիրավորանքներով:
Մուկուչյանը հայտարարել է, որ այս դիմումը եւս ենթակա է մերժման՝ ընդգծելով, որ ի թիվս մի շարք այլ հանգամանքների՝ դիմումն իրավասու անձի անունից չի ներկայացվել։ ԿԸՀ-ի նախագահը հիշեցրել է, որ նման դիմում իրավասու է ներկայացնելու միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը։
ԿԸՀ խորհուրդը երկու դիմումն էլ մերժել է 5 կողմ, 0 դեմ ձայներով։ Մերժման որոշումները եռօրյա ժամկետում ենթակա են Վարչական դատարանում բողոքարկման: