ԱՄՆ Ջորջիա նահանգում ձերբակալվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացի Սերգեյ Նեչաեւը, որը Հայաստանի տարածքով փորձել է երկու փոքր ինքնաթիռ տեղափոխել ՌԴ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2023 թվականի մարտի 3-ից մինչեւ 2023 թվականի մարտի 24-ը Նեչաեւը խախտել եւ խուսափել է ԱՄՆ արտահանման վերահսկման օրենքներից ու կանոնակարգերից՝ փորձելով մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Ռուսաստան տեղափոխել 1968 թվականի Cessna 172K եւ 1973 թվականի Cessna ինքնաթիռները։ Օդանավերի տեղափոխման վերջնակետն ու օգտագործողին թաքցնելու նպատակով Նեչաեւը որպես արտահանման վերջնական վայր ներկայացրել է Հայաստանը:
Ներկայացված մեղադրանքները հաստատելու դեպքում Նեչաեւին ընդհանուր առմամբ սպառնում է 20 տարվա ազատազրկում։
Որպես հանցագործության մեջ ներառված գույք ինքնաթիռները առգրավվել են։
«Հետաքննությունը համակարգել է Արդարադատության դեպարտամենտի KleptoCapture օպերատիվ խումբը, որը իրավապահ մարմինների միջգերատեսչական աշխատանքային խումբ է եւ իրագործում է մասշտաբային պատժամիջոցների վերահսկումը, արտահանման հսկողությունը եւ տնտեսական հակաքայլերը, որոնք ԱՄՆ-ն իր դաշնակիցների եւ գործընկերների հետ սահմանել է ի պատասխան 2014 թվականից Ուկրաինայի տարածք Ռուսաստանի չհիմնավորված շարունակվող ռազմական ներխուժման դեմ»,-ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության տեքստում:
Գործի հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ առեւտրի նախարարության Արտահանման կառավարման վարչությունը, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետաքննության բաժինը, ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանությունը եւ Դաշնային ավիացիոն վարչությունը։