Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 725 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի հատկացման մասին, որը կներառի «մեծ քանակությամբ» հրետանի, հրթիռներ եւ հակաօդային պաշտպանության սարքավորումներ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ:
Օգնությունը տրամադրվում է մինչ նախագահ Բայդենի հեռանալը Ուկրաինային հնարավորինս մեծ աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակում։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարգադրել է տրամադրվող աջակցությունը հնարավորինս շուտ հասցնել Ուկրաինային։
Սալիվանը ընդգծել է, որ մինչեւ հունվարի կեսերը Վաշինգտոնը նախատեսում է Կիեւին մատակարարել «հարյուր հազարավոր» լրացուցիչ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ եւ «այլ կարեւոր» միջոցներ՝ երկիրը պաշտպանելու համար: Բացի այդ՝ Սպիտակ տունը նաեւ նախատեսում է ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։
«Ռուսաստանի պատերազմական մեքենան խաթարելու համար ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ, դրանց կհետեւեն ավելի շատ պատժամիջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Թե որ ոլորտները կթիրախավորվեն, հայտարարության մեջ չի նշվում։
«Նախագահը հավատարիմ է Ուկրաինային հնարավորինս ուժեղ դիրքերում դնելու հանձնառությանը, եւ մենք կշարունակենք իրականացնել այս ռազմավարությունը՝ աջակցելով Ուկրաինային եւ նրա ազատության համար մղվող պայքարին»,- ասվում է Սալիվանի հայտարարության տեքստում:
The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բայդենի վարչակազմն արագացրել է Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու գործընթացները։ Սպիտակ տան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նոր վարչակազմը կկրճատի մատակարարումները՝ փորձելով Ուկրաինային մղել անհավասար բանակցությունների։
Bloomberg-ը ամփոփելով գրում է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու շրջանակում Բայդենն արդեն Կիեւին լիազորել է օգտագործել հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախները խոցելու համար, թույլատրել է հակահետեւակային ականների մատակարարումը, չեղարկել է 4,65 միլիարդ դոլարի վարկի կեսը եւ պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» նկատմամբ, որը, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանն օգտագործում է ռազմական տեխնիկա գնելու համար։