ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հունիսի 4-ի նիստին քննարկվեց Հողային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն առաջին ընթերցմամբ հաստատվել է ԱԺ-ի կողմից: Քննարկման հիմնական առանցքը դարձավ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածը, որը վերաբերում է հողամասի վարձակալության իրավունքին, այդ թվում համայնքային սեփականություն հանդիսացող հողերին: Քննարկմանը կարեւոր շեշտադրում եղավ հոդվածի 3-րդ կետին, որը վերաբերում է պետության եւ համայնքների սեփականության հողամասերի վարձակալությանը, ըստ որի՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի: Մասնավորապես շեշտադրումներ եղան հանրային գերակա շահ ճանաչելու դեպքում համայնքային հողի օտարմանը, երբ նոր նախագծի ընդունման դեպքում վերոնշյալ դրույթի սկզբունքով վարձակալը կունենա նաեւ գնելու նախապատվության իրավունքը:
Չափազանց ուրախալի է, որ ԱԺ պատգամավորները տեղյակ են այս դրույթից, քանզի պատմությունը, որ պիտի պատմեմ, հենց այս դրույթի անտեսման մասին է, երբ նախապատվության իրավունքը ոչ միայն խախտվել է, այլեւ շարունակում է խախտվել: Թե՛ վարձակալները, թե՛ նրանց իրավունքների պաշտպանները, թե՛ հասարակական կազմակերպությունները բազմիցս են մատնացույց արել այս դրույթը, սակայն ապարդյուն:
Իհարկե, շատ կան նման դեպքեր, բայց այսօր կանդրադառնամ միայն Դալմայի այգիներին: Հատկապես, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով, որտեղ ելույթ են ունեցել «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյաննն ու Դալմայի այգիների վարձակալ Ջուլիետա Աղաջանյանը եւ ներկաներին հիշեցրել այգիների հողօգտագործողների ոտնահարված իրավունքների մասին:
1991 թվականին, երբ Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցավ Հողային ռեֆորմ՝ կոլտնտեսությունների հողերի մասնավորեցում, դրանք որպես սեփականություն անժամկետ եւ անհատույց տրվեցին կոլտնտեսականներին, բացառությամբ Երեւանի Դալմայի այգիների կոլտնտեսությունների հողերի: Այդ հողերը նրանց տրվեցին վարձակալությամբ՝ բանավոր պատճառաբանելով, որ Դալմայի այգիները պատմամշակութային հուշարձան են, ներառված են հուշարձանների ցանկում եւ այդ պատճառով չեն կարող տրվել քաղաքացիներին որպես սեփականություն:
Մի զրույցի ժամանակ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը մեղավորության զգացումով նշեց, որ ինքն այս որոշման մեջ դերակատարում է ունեցել, քանի որ անձամբ է որոշում կայացնողներին համոզել փաստեր տրամադրել Դալմայի այգիների տարածքի պատմամշակութային հուշարձան լինելու վերաբերյալ, եւ որ այդ տարածքը չի կարելի մասնավորեցնել, որ այն պետք է մնա պետական սեփականություն: Ի դեպ, նրա ընտանիքը եւս կոլտնտեսության անդամ է եղել եւ վարձակալությամբ ստացել հողի օգտագործման իրավունք, ինչը հետո նրանից խլվել ու օտարվել է այլ անձանց: Սանասարյանն արդեն քանի տարի փորձում է վերականգնել իր նախապատվության իրավունքը դատական կարգով:
Այդպիսով՝ 1991-ին Երեւանի կոլտնտեսականների հետ կնքվեցին վարձակալության պայմանագրեր, հիմնականում մինչեւ 1994 թվականը ժամկետով, այնուհետև՝ 1994-ին, այդ նույն պայմանագրերը վերակնքվեցին 10 տարի ժամկետով, մինչեւ 2004 թվականը, մի քանիսինն՝ անգամ մինչեւ 2028 թվականը: Հողօգտագործողներից շատերի մոտ պահպանվել են բնօրինակ պայմանագրերը: Նրանց հետ բոլոր պայմանագրերը կնքվել են ՀՀ Կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» N108 որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրերով:
Այսօր էլ տարածքում մնացել են վարձակալներ, որոնք, մինչեւ 2025 թվականը վարձակալության պայմանագիր ունենալով հանդերձ, մոլորված են, թե ինչպես են պաշտպանելու իրենց իրավունքը, քանզի նույն այդ տարածքը կրկնավարձակալության է տրվել մեկ այլ անձի կամ օտարվել առանց հաշվի առնելու, կրկնվեմ, Հողային օրենսգրքով ամրագրված նախապատվության իրավունքը, որն, իհարկե, նրանց խախտված իրավունքների փնջից մեկն է միայն:
Անտեսելով ոչ միայն նշյալ, այլեւ ՀՀ մի շարք օրենքների ու միջազգային կոնվենցիաների պահանջները՝ ՀՀ Կառավարությունը, առանց հողօգտագործողներին նախապես՝ մեկ տարի առաջ, գրավոր տեղեկացնելու, նրանց համաձայնությունը ստանալու, առանց այդ մասին ազդակիր հանրությանը ամենավաղ փուլում (համաձայն 2001 թվականին ՀՀ-ի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի) իրազեկելու, ընդունեց մի քանի որոշում, որոնցով հողօգտագործողներին, դեռեւս նրանց հետ կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները չլրացած, զրկեցին հողատարածքների նկատմամբ իրենց բոլոր իրավունքներից:
Այդպիսի աղաղակող որոշումներից է Կառավարության 2003-ի մարտի 27-ի «Երեւանի Դալմայի այգիների պահպանման եւ նպատակային փոփոխության ենթակա սահմանների մասին» N1941-Ա որոշումը, որն ի դեպ վարչապետի կողմից ստորագրվել է մեկ տարի անց, իսկ ՀՀ նախագահը վավերացրել է 2004-ի մարտի 29-ին:
Այս չարաբաստիկ որոշումը հատկապես հիմք հանդիսացավ, որ լիովին մոռացության մատնվի Դալմայի այգիների ոչ միայն պատմամշակութային լինելու, այլեւ Երեւանում հանրային կանաչ տարածք, Երեւանի առանց այն էլ չորային կլիման մեղմող տարածք, քաղաքային միջավայրում կենսաբազմազանության պահպանության համար չափազանց կարեւոր տարածք, ինչպես նաեւ մի շարք մարդկանց տարիների քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով կանաչած ու պահպանված տարածք լինելու հանգամանքները:
Այդ որոշմամբ նախատեսվում էր մի քանի հազարամյա կանաչապատ պատմական այգուց պահպանված մոտ 750 հա տարածքից իբրեւ անտառային գոտի թողնել ընդամենը 256-ը, մնացած ամբողջ տարածքը դնել կառուցապատման տակ:
Ընդ որում՝ որոշումն ընդունվել է առանց շահագրգիռ պետական իրավասու կառույցների համաձայնության, իսկ անտառային գոտի ճանաչված հատվածն այդ օրվանից առ այսօր հետեւողականորեն ոչնչացվում է: Այն որպես անտառային տարածք ամրագրված չէ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի հարցումներին ի պատասխան՝ 2019-ի աշնանը քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ 256 հա անտառային նշանակության հողերը 2009-ին կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են Երեւանի քաղաքային համայնքին: Սակայն երբ խոսքը վերաբերում է տարածքի պահպանությանը, Երեւանի քաղաքապետարանը պատճառաբանում է, որ ինքը Երեւանի նախորդ քաղաքապետարանի իրավահաջորդը չէ, մինչդեռ իրավահաջորդ չլինելով հանդերձ ստորագրում է փաստորեն «իրեն չպատկանող» գույքի օտարման փաստաթղթերի տակ:
Սրա մասին է փաստում նաեւ բավականին թարմ գործընթացը, որին սկիզբ դրվեց մեկ այլ՝ 2018 թվականի հունվարի 11-ի թիվ 5-Ա «Ներդրումային ծրագրին հավանություն տալու եւ «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» չարաբաստիկ որոշմամբ՝ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեթեւ ձեռքերով:
Այդ որոշմամբ անտառային հող հանդիսացող 256 հա տարածքից 27,66 հա տարածքը 99 տարի ժամկետով հատկացվեց «Պարկ Գրուպ» ընկերությանը՝ մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի եւ ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով, այն դեպքում, երբ այդ տարածքում կային պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, տարածքը օգտագործվում էր փաստացի հողօգտագործողների եւ վարձակալությամբ տնօրինողների կողմից, որոնց վարձակալական պայմանագրերը ուժի մեջ էին մինչեւ 2025-2028 թվականները:
Բայց միեւնույնն է, նրանց գլխին «դամոկլյան սրի» նման կախված է տարածքն իրենց ձեռքից հետ վերցնելու վտանգը, քանի որ նույն տարածքը կրկնավարձակալության է տրված մեկ այլ ընկերության: Հետաքրքիր է, 2025 թվականին, երբ ավարտվի վարձակալների պայմանագրի ժամկետը, ԱԺ պատգամավորները, եւ ոչ միայն նրանք, կհիշե՞ն արդյոք հողօգտագործողների նախապատվության իրավունքի մասին:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։