Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով մասնագիտական քննությունը։
Ըստ կոմիտեի հայտարարության՝ 2021-ի փետրվարի 19-ին եւ 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությամբ արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:
«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաեւ այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ, որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը»,- նշված է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է 2021-ի փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարած օդանավի դեպքի հետ կապված քննությունը:
Քաղավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հիմնվել եւ օդանավ շահագործողի վկայական է ստացել անցած տարի։ Boeing B737-300 օդանավը Քաղավիացիայի կոմիտեի ռեեստրում գրանցվել է անցած տարեվերջին։
Հիշեցնենք, որ հայկական գրանցում ունեցող ամերիկյան արտադրության Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից անհայտ հանգամանքներում հայտնվել էր Թեհրանում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորել էր անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցներն, ըստ դեսպանության, կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։
Ըստ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի՝ վարձակալած B737-300 օդանավի վրա Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում էին տեխնիկական աշխատանքներ, իսկ փետրվարի 12-22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռչեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ տեխնիկական սպասարկումը շարունակելու համար, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։
Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարարության եւ Քաղավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերով եւ իրանական կողմի հետ արդյունավետ գործակցությամբ Boeing 737-300 օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: