Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունի հետ։
Գեներալ Բրաունի խոսնակի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 27-ին, սակայն ռուսական կողմի խնդրանքով դրա մասին նախապես չի հայտարարվել։
Զրույցի բովանդակությունը ամերիկյան կողմը չի մեկնաբանել, սակայն նշել է, որ «քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը»։
The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ զրույցի ընթացքում Գերասիմովը, մասնավորապես, Բրաունին տեղեկացրել է, որ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը մարտական գործողությունների ժամանակ օգտագործելու որոշումը կայացվել է նախքան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի տարածքում ATACMS հրթիռներով հարձակումների արգելքը չեղյալ հայտարարելը։
CNN-ը նույնպես, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Գերասիմովը հեռախոսազրույցի ընթացքում Բրաունին զգուշացրել է Միջերկրական ծովում Ռուսաստանի Դաշնության զորավարժությունների անցկացման մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ այդ զորավարժությունների շրջանակում «Ցիրկոն» գերձայնային հրթիռներ են արձակվել։ Սակայն Բրաունի հետ զրույցում, նշել են CNN-ի աղբյուրները, Գերասիմովն ուղղակիորեն չի նշել գերձայնային հրթիռների արձակման մասին։
Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ զրույցի ընթացքում Բրաունը ԱՄՆ-ի մտահոգություններն է հայտնել ուկրաինական ճակտներում հյուսիսկորեական զորքերի տեղակայման եւ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի օգտագործման վերաբերյալ։ Մեկ այլ թեմա, որը բարձրացվել է հեռախոսազրույցի ընթացքում, նշում են զրուցակիցները, Ուկրաինայի զինված ուժերի կողմից ամերիկյան ATACMS հրթիռների օգտագործման արգելքի վերացումն էր ռուսական տարածքին հարվածների համար։
Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչների միջեւ վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած հազվադեպ շփումներից մեկն էր սա։
2023 թվականի դեկտեմբերին ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո էր Բրաունը հեռախոսզրույց ունեցել Գերասիմովի հետ։