ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների ղեկավարները ժամանել են Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 32-րդ գագաթնաժողովին, որը 2018-ից ի վեր դեմ առ դեմ առաջին հանդիպումն է։
Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենան Բայդեն-Էրդողան եւ Մակրոն-Էրդողան հանդիպումները: Պաշտոնական Վաշինգտոնը եւ Փարիզը ընդգծել են, որ այդ հանդիպումների ժամանակ անդրադարձ կլինի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին համախմբման կոչ է արել. «Եկեք պարզորոշ հավաստենք մեզ միավորող արժեքները, կանոններն ու սկզբունքները, որոնք կազմում են մեր դաշինքի հիմքն ու ուժը»,- դիմել է նա գագաթնաժողովի մասնակիցներին:
Գագաթնաժողովում կքննարկվեն դաշինքի բյուջեն, Աֆղանստանից զորքի դուրսբերման խնդիրը, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ առաջիկա հարաբերությունները եւ բազմաթիվ այլ հարցեր։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախագահ Յենս Սթոլթենբերգը նշել է, որ գագաթնաժողովի գլխավոր թեման «ՆԱՏՕ-2030» նախաձեռնության քննարկումն է, որն առաջիկա տասնամյակի համար պետք է սահմանի Դաշինքի զարգացման սկզբունքներն ու արդիականացումը։ Բացի դրանից՝ նախագիծը կներդրվի ՆԱՏՕ-ի ապագա ռազմավարական հայեցակարգի հիմքում։