ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 15 գերիների վերադարձը եւ Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների հանձնումը։
«Վստահության ամրապնդման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Անն Լինդեն՝ հավելելով, թե ուրախ է աշխատել Վրաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ։
Պաշտոնական Բաքուն իր հերթին երախտագիտություն է հայտնել միջազգային համայնքին` առաջին հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին եւ ԵԱՀԿ նախագահությանը` ցուցաբերած աջակցության համար։
«Ձեռք բերված համաձայնությամբ 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց վրաց-ադրբեջանական սահմանին Վրաստանի ներկայացուցչի մասնակցությամբ Բաքվին են փոխանցվել Աղդամում տեղակայված 97.000 ականների քարտեզները:
Քարտեզների ձեռքբերումը կփրկի հազարավոր մարդկանց կյանքեր եւ կարագացնի Աղդամը վերակառուցելու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած ծրագրերն ու տեղահանվածների վերադարձը այդ բնակավայրեր»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: