Սիրիայի հյուսիս-արեւմուտքում նոյեմբերի 27-ից կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողություններ սկսած իսլամական ռազմականացված խմբավորումները այսօր ներխուժել են Համա քաղաք (բնակչությամբ Սիրիայի հինգերորդ քաղաքը):
Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Համայի ուղղությամբ հարձակման անցած խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Գոլանիի հայտարարությանը։
Այս տեղեկությունը հաստատում է նաեւ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR)։ Կառույցի փոխանցմամբ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը Համայի մատույցներում մի քանի ժամ տեւած մարտերից հետո կարողացել է ներխուժել քաղաքի հյուսիսարեւելյան հատված։
Ներկայում Համայում ծանր մարտեր են ընթանում, որոնք ուղեկցվում են քաղաքի արեւելյան հատվածներում եւ Ալ-Մուզաիրեբ կամրջի վրա Սիրիայի կառավարական օդուժից հսացվող ավիահարվածներով, գրում է SOHR-ը։
Սիրիական բանակը սկզբում հերքել էր դեպի Համա քաղաք իսլամական խմբավորումների առաջխաղացման մասին տեղեկությունները, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հարկադրված է եղել նահանջել քաղաքի կենտրոնից՝ դրա պաշտպանության ճեղքումից հետո:
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։
Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկությանը, հայտնում է, որ հարձակման համար «կանաչ լույսը» վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։