Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո իր արած հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված, հայկական կարուսել է կիրառվել:
Նախագահը բացատրել է՝ իր ասած հայտարարության մեջ ոչ մի էթնիկ հարց չի եղել:
«Ուզում եմ ասել հայերին, հայկական ծագում ունեցող (մեր քաղաքացիներին — հեղ.) եւ մեր հարեւան հայերին, որտեղ եւս ռուսական քարոզչամեքենա է ակտիվ աշխատում, իմ ասած «հայկական կարուսել»-ում որեւէ էթնիկ համատեքստ չկա: Դրա մասին մի ամբողջ թեմա էր շրջում… Սա այն տերմինն է, որը ես լսել էի, երբ առաջին անգամ եկա Վրաստան, դա Շեւարդնաձեի ժամանակաշրջանն էր։ Նաեւ Սաակաշվիլիի օրոք է կիրառվել: Եթե չեմ սխալվում՝ Հայաստանում կեղծման այս ձեւին «վրացական կարուսել» են կոչում: Այսպիսով՝ էթնիկ հարց սրա մեջ չկա»,- ասել է նախագահը:
Նշենք, որ Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ կան, այդ թվում, այսպես կոչված, հայկական կարուսել: Վրաստանի նախագահին այս հայտարարության պատճառով մեղադրում էին հայատյացության համար:
Նորայր Միսկարյան