Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի գործողությունները, որոնք հունիսի 12-ին հանգեցրել են Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը եւ Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։
«Այս գործողությունները վստահության ամրապնդմանն ուղղված կարեւոր մարդասիրական ժեստեր են Բաքվի եւ Երեւանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջեւ հետագա համագործակցության, ի վերջո պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակման, ինչպես նաեւ տարածքների ականապատման բոլոր քարտեզների հանձնման համար՝ հետագա մարդկային զոհերից խուսափելու նպատակով»,- նշել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Բորելը շեշտել է, որ Եվրամիությունը եւ միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ հորդորելով շարունակել ներգրավված երկրների միջեւ հետագա համագործակցությունը։
«Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն եւ համակողմանի կարգավորումը՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետպատերազմական վերականգնմանը եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:
Վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին եւ Ադրբեջանին՝ վերստին ներգրավվելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատարը։