Գյումրու ծայրամասում՝ քաղաքից գրեթե դուրս, գնացքի այս վագոն-տնակում Գրիգորյանների 7-հոգանոց ընտանիքն է ապրում։ Կարապետն ու Լիանան հինգ անչափահաս երեխաներին մեծացնում են սառն ու իր դարը վաղուց ապրած տնակում՝ հույսով, որ մի օր էլ իրենք տուն կունենան:
Լիանան երկրաշարժը չի հիշում. ասում է՝ ինքն ու աղետը գրեթե «հասակակիցներ են»: Թեեւ երկրաշարժի մասին իմացել է միայն մեծերի պատմություններից, բայց դրա անմիջական կրողն են ինքն ու երեխաները: Տնակում գոյատեւելը ճակատագիր է դարձել, այնտեղից դուրս գալը՝ երազանք:
Տան հայրը հիվանդ է, ընտանիքի հոգսը՝ երիտասարդ կնոջ ուսերին: Ասում է՝ «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը չօգներ, կսառչեին ցուրտ տնակում:
«Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ոչ միայն Գրիգորյաններին, այլեւ հազարավոր տնակաբնակ եւ անապահով ընտանիքների հույսն ու ապավենն է դարձել արդեն 20 տարի:
Կազմակերպության նախագահ Վահան Թումասյանին Շիրակի մարզում բոլորն են ճանաչում, նրա հեռախոսն էլ, հատկապես ձմռանը, ոչ մի րոպե չի լռում. օգնության խնդրանք-պահանջով օրական տասնյակներով զանգեր է ստանում, արձագանքում:
Կազմակերպությունը վառելափայտից, սոցիալական տարաբնույթ աջակցությունից զատ 250 ընտանիքի բնակարան է գնել, նվիրել արտասահմանում ապրող բարերարների հանգանակությունների շնորհիվ:
«Գյումրին աղետի գոտուց վերածվել է աղքատության գոտու,- ասում է Թումասյանը,- եթե 20 տարի առաջ անօթեւանությունը համատարած էր, եւ տնակում ապրողը, մեծ հաշվով, այնքան էլ աղքատ չէր, հիմա տնակում ապրողը ծայրահեղ աղքատ է»:
Թեեւ քաղաքի կենտրոնն ազատվել է տնակներից, անօթեւանների խնդիրն էլ՝ առաջին հայացքից լուծվել, բայց իրականությունն այլ է: Շիրակի մարզում շուրջ 3500 ընտանիք այս պահին ապրում է թիթեղյա եւ փայտե տնակներում, որից 2800-ը՝ Գյումրիում:
Տնակաբնակների հետ ամենօրյա շփում ունեցող Թումասյանը վստահեցնում է, որ նրանց խնդիրն այսօր այլեւս արդիական չէ, որեւէ մեկին չի հուզում: «Հայերս սիրում ենք մոդայիկ խնդիրներ, տնակների մասին խոսելն ու մտահոգվելն այլեւս նորաձեւ չէ: Այսօր ուշադրությունը արցախցիների, սահմանային համայնքների խնդիրներ վրա է սեւեռված»:
Այն, որ պետությունը բնակարան կորցրած քաղաքացիների հանդեպ իր պարտավորությունները լիովին կատարել է, Թումասյանը համաձայն չէ, ավելին, ասում է՝ պետությունն էլ նման բան չի ասել. պարզապես բոլոր նրանք, որոնց փաստաթղթերը նորմալ, ժամանակին ներկայացվել էին, հաշվառվել, նրանց խնդիրն է լուծվել: Բայց կան մարդիկ, որոնք չեն կարողացել փաստաթղթերը պատշաճ ներկայացնել հաշվառման, ոմանք աղետի ժամանակ վարձով կամ հանրակացարաններում են ապրել, ոմանք էլ գյուղական համայնքներից եկած անօթեւաններ են:
«Տարածված կարծիքը, թե տնակում ապրողները համատարած, մի քանի անգամ տուն ստացած-վաճառած են, անտեղյակությունից է: Տնակաբնակներից 2-3 տոկոսը, այո՛, ստացել, վաճառել են տները, շուրջ 10 տոկոսն էլ ԲԳՎ է ստացել, գումարը ծախսել. բա մնացածը որտեղի՞ց,- հարցնում եւ իր հարցի պատասխանը ինքն էլ տալիս է,- խնդիրներն ու բարդությունները գոյացան անօթեւանության հարցը ժամկետի մեջ չլուծելուց: Պետությունը աղետից 20 տարի անց մեկը երեք դարձած ընտանիքին մեկ սենյակ է հատկացրել, բնականաբար երկու ընտանիքը մնացել, մեկը տեղափոխվել է»:
Թումասյանը օր օրի տնակաբնակների անելանելի դարձող խնդրի միայն մեկ ելք է մատնանշում. Գյումրիին 3000 սոցիալական բնակարան է պետք, այլապես խնդրի վրա աչք փակելով ավելի ենք սուզվելու այս ճահճում:
Բնակարանի գնման վկայագիր տրամադրելը նույնպես հարցի լուծման միայն իմիտացիա է. քաղաքը բնակֆոնդ չունի, տների գներն աստաբաշխական են:
Քանի որ այժմ Գյումրու համայնքապետարանը, այսպես ասած, «չի գործում, փակ է», ներկայացնում ենք անցնող տարվա տվյալները: 2770 տնակում ապրող ընտանիքներից միայն 410-ի հանդեպ պետությունը դեռեւս չի կատարել պարտավորությունը. այս ընտանիքները երկրաշարժին բնակարան են կորցրել եւ դեռեւս սպասում են բնակարանատեր դառնալու իրենց հերթին։
Նշենք, որ երկրաշարժից հետո առաջին մի քանի տարվա ընթացքում Գյումրիում կառուցվել է 18000 բնակարան։ 2010 թվականին՝ 1056, 2012-ին եւս 1756 բնակարան է կառուցվել եւ հանձնվել անօթեւաններին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվել է 4 շենք։ Բնակարաններ են գնել եւ անօթեւաններին նվիրել նաեւ բազմաթիվ անհատներ եւ բարեգործական կազմակերպություններ, ներառյալ «Շիրակ կենտրոնի» 250 բնակարանները:
Պետության պարտավորությունը կատարած թե չկատարած, տուն ստացած թե չստացած… փաստը մնում է փաստ, որ Գյումրիում շուրջ 3000 ընտանիք տնակում է ապրում, եւ նրանց ինքնուրույն, իրենց ուժերով տնակից դուրս գալն անհնարին է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։