Սիրիայում ճգնաժամի դադարեցման եւ կառավարության ու ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսությունը պահպանելուն միտված Աստանայի գործընթացի մասնակից երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հանդիպել են Դոհայում։
ՌԴ արտգործնախարարության փոխանցմամբ՝ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Աբբաս Արաղչին եւ Հաքան Ֆիդանը պայմանավորվել են սերտ կապ պահպանել Սիրիայում ստեղծված իրավիճակի կայունացման համար։
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի շուտափույթ կայունացման շահերը հաշվի առնելով՝ նախարարներն ընդգծել են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների խորհրդատվական ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը եւ պայմանավորվել այդ նպատակով սերտ կապի մեջ մնալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ զրույցի ընթացքում, որին միացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենը, «լուրջ մտահոգություն է արտահայտվել Սիրիայում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ՝ կապված հանրապետության հյուսիս-արեւմուտքում զինված խմբավորումների լայնածավալ հարձակման հետ»։
«Միեւնույն ժամանակ հաստատվել է հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձեւի [նախատեսում է Սիրիայում կրակի դադարեցում եւ անցումային շրջանի հաստատում] դրույթներին»,- նշել են նախարարությունից։