1949-ի հունիսի 13-ի առավոտյան դպրոցի երեխաների հետ գնացինք դաշտ՝ բանջար բերելու, Բազարչայ գետ (Որոտանի վերին հոսանքը) կա, Բազարչայ գետի ափից։ Հասանք գետի ափին, տեսանք՝ ամբողջ էդ դաշտի վրա հարսն-աղջիկը լաց են լինում։ Մի երկուսը ծանոթ էին, մոտեցա, ասի՝ «Ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք լացում»: Ասացին՝ «Հեչ, դուք լավ կանեք բանջար չքաղեք, հավաքվեք, երեխաներով գնացեք ձեր տները»։ Տուն գնալիս տեսանք ճանապարհով մեքենաներ են գնում։ Էնքան շատ էին մեքենաները, որ ճանաարհն անցնել-կտրել հնարավոր չէր, ու մեջները զինվորներ էին նստած, ամեն մեկի մեջ՝ երկու-երեք զինվոր։ Մեքենաները գնացին, կամաց-կամաց պակասեցին, մենք ճանապարհը կտրեցինք-անցանք, եկանք տուն։
Եկա տուն, տեսա՝ հորաքույրս էր Երեւանից եկել, երկու երեխաների հետ։ Դպրոցները փակվել են, արձակուրդ է, եկել են հանգստանալու։ Ասեցի՝ «Տա՛տ, ժողովուրդը լացում են, շատ էլ մեքենա կար, բայց չիմացանք՝ ինչ ա եղել, ասում էին՝ իբր թե պատերազմ ա սկսվել»։ Տատս շատ վախեցավ, ասավ՝ «Վա՜յ, Հիտլերի մեջքը կոտրվի, էլի պատերազմ ա ուզում»։ Տատս մի քիչ լացուկոծ արեց, հետո հանդարտվեցին, ելան, երեկոյան ճաշ-բան պատրաստեցին։ Նստեցին, կերան, հորաքրոջս հալ ու քեֆ հարցրեցին, քնեցինք։
Քնել էինք-չէինք քնել, ժամը ուղիղ երկուսն էր, էնպես հարվածեցին մեր դռներին ու պատուհաններին, բոլորս վախեցած թռանք ու նստեցինք։ Տատս գնաց, դուռը բացեց, ներս մտան մեր գյուղսովետի աշխատողները, ակտիվիստները, կոմսոմոլի աշխատողներից էլ մտան մի երկու հոգի ու երեք զինվոր։
Զինվորները որ մտան ներս, բրոնզագույն էին, ես էդպես եմ հիշում, կամ մանկական իմ հիշողության մեջ է էդպես տպավորվել, հրացանները ձեռներին՝ էն սուր դանակն էլ վրան խփած։ Մտան ներս, թե՝ «Բոլորդ արթնացե՛ք, վե՛ր կացեք, նստե՛ք»։ Հիմա լացում ենք բոլորս, հատկապես երեխաները. միանգամից օտար մարդիկ ու զինվորներ հրացանով, երեխա ենք, էլի։ Դե, պատերազմի ժամանակ սեւ թղթեր շատ ենք տեսել, բերել են, բաժանել են, տեսել ենք, արդեն վախենում ենք։ Համ էլ վախենում ենք, որ մեզ էլ կսպանեն, սրանք երեւի գերմանացի են. երեխա ենք, շատ ենք ջոկում՝ սովետական զինվորը ո՞րն ա, գերմանացին՝ ո՞րը։
Հարցրեցին՝ «Բա Սարուխանն (պատմողի հայրն է) ո՞ւր ա»։ Տատս ասեց՝ «Խի դուք չգիտե՞ք՝ ուր ա, հունձը սկսվել ա, գնացել ա դաշտ, ինքը տունը չի մնում, տասնհինգ օրը մեկ ա գալիս, գնացել ա հունձ անելու էդ մարդը, ստեղ չի»։ Կոմսոմոլի ակտիվիստներից մեկը, անունը Գուրգեն էր, էն մյուսի հետ վեր կացան, ձիերով գնացին՝ պապայիս դաշտից բերեն։ Նրանք գիշերը մնում էին, ցերեկը հունձ էին անում, յոթ օրը մեկ, տասն օրը մեկ նոր տուն էին գալիս։ Հա, մեկ էլ մի հատ զինվոր գնաց հետները։
Մենք էլ նստած լացում ենք, բայց ոչ մեկիս մտքով չի անցնում, որ ընտանիքը աքսորելու են։ Տատս, որ 37 թվին տեսել ա՝ իրա եղբայրներին ոնց են տարել, ինքը իրա մեջ մտածել ա, որ Սարուխանին են տանելու։ Էդ հորաքրոջս, որ Երեւանից էր եկել, տատս ասեց. «Սոֆիկ ջան, վեր կաց, էն պահարանի մեջից եղբորդ շորերը գտի, որ ինքը գա, լվացվի, շորերը փոխի»։ Հորաքույրս մոտեցավ էդ պահարանին, որ մի բան հանի, էս ռուսն ասաց՝ «Ստրելյայու (կրակում եմ)»։ Դե, մենք ռուսերեն, բան չենք հասկանում, սա ասում ա՝ «Աստանավիս, ստրելյայու (կանգնիր, կկրակեմ)»։ Հորաքույրս թողեց ետ եկավ, թողեց ետ եկավ, էլ ոչ մի բանի ձեռք չտվեցինք։ Մի քիչ անցավ, երեխաներից մեկը ջուր ուզեց, հորաքրոջս չթողեցին՝ գնար ջուր բերեր։ Էդ մեր գյուղացին, որ գյուղսովետի նախագահն էր, ասաց. «Ձեզ ջուր չի հասնում, ջուր չի հասնում, սուս նստեք»։
Մի կես ժամ-մի ժամ չէր անցել, մեկ էլ հորս բերեցին։ Ուրեմն՝ ճանապարհին որ բերում են, ասում են, որ «ձեզ աքսորում են՝ ընտանիքով, մորդ ու փոքր եղբորդ չեն տանում, որովհետեւ միջնեկ եղբայրդ զոհվել ա, իսկ ձեզ տանում են, եւ կարող եք ինչ ցանկանում եք, ձեր հետ վերցնեք, ձեզ տանելու են էնպիսի մի տեղ, որ դուք աշխատելու եք ու ապրեք ստեղի նման»։ Էդքան բանը ասում են, հայրս արդեն էդքանը իմանում ա, բայց դե, մենք ինչ իմանանք, ոչ մի բան չգիտենք։
Հերս մտավ՝ անսափրվել, մազերն եկած, շատ նենց բան տեսքով, էլի։ Ես, օրինակ, իմ պապային էդ տեսքով չէի տեսել։ Դե, եկավ, արդեն սկսեց հագնվել, գնաց, լվացվավ, շորերը փոխեց, տատս սկսեց լացել՝ «Բալա ջան, քեզ կտանեն»։ «Սո՛ւս, ինձ չեն տանում, մեզ են տանում,- ասեց հայրս,- ցորենները բերե՛ք, լցե՛ք պարկերը»։
Մենք էլ որպես գյուղացի վատ չէինք ապրում, լավ էինք, մարդ կար՝ հինգ պարկ էլ ցորեն չուներ, մենք 40-50 պարկ ցորեն ունեինք, ալյուր ունեինք։ Հետո եկավ մեր կոլխոզի նախագահը՝ Սամվել Ավետիսյանը, ինքն էլ աշխատանքային հերոս, շատ լավ նախագահ, շատ ընտիր մարդ, ասաց. «Սարուխա՛ն, ժամանակ չկա, էդ պարկերը լրիվ ցորենները լցրո՛ւ, տունը ոչ մի բան չթողնես, ես տանդ-ընտանիքիդ կօգնեմ, գիտես, որ մերդ մնալու ա, եղբայրդ մնալու ա, ցորենները բարձե՛ք, ալյուրները բարձե՛ք, պղինձ, աման, կաստրուլկա (կաթսա), ափսե, ինչ ունեք, բոլորը վերցրե՛ք, խալի, քեչա, ինչ կա, վերցրե՛ք, դրանք ձեզ պետք են գալու, դուք ցուրտ երկիր եք գնում»։ Արդեն ազատ խոսում ա, էլի, իսկ մինչեւ էդ ոչ ոք ոչինչ չի իմացել։
Հավաքվեցին, հավաքվեցին, եկան իրենք էլ օգնեցին, էդ ցորենները լցրին, դրեցին բակը։ Մեքենան գնացել էր՝ մի ընտանիք էլ բառնար, եկավ։ Մեքենան եկավ, մտավ, դե նրանք (մյուս ընտանիքը) ոչինչ չունեին, իրենց հագուստն էր պայուսակների մեջ ու վերջ։ Մեր ցորենները բարձեցին, մեր եղած-չեղածը՝ հագուստ, ուտելիք, գորգեր, քեչաներ… դրանք բոլորը բարձեցին մեքենայի մեջ։ Հիմա արդեն հասկացրին, որ երեխաներին հագցրեք, աքսորում են, տանում են բոլորիդ։ Էդ որ ասին, արդեն տունը մի խառնվել խառնվեց, ես մի անգամ ասել եմ, դեռ Սովետական Միության ոչ մի կինոռեժիսորի չի հաջողվել էսպիսի տեսարան նկարի, էդ ի՜նչ տեսարան էր։
Նախ՝ մենք շատ կապված էինք տատիկիս հետ, հորեղբորս հետ, պատերազմի էդ հինգ տարվա ընթացքում մեր մորը չէինք տեսել. իրիկուն-առավոտ կով էր կթում, կթվորուհի էր, գիշերը գնում էին, խճուղու վրա էին աշխատում։ Մենք մամա չէինք տեսել, էդ հինգը տարին տատս ա մեզ պահել, շատ կապված էինք տատիս հետ։
Հիմա լաց ու շիվանն ընկել ա տունը, պիտի տնից դուրս գանք, նստենք մեքենան, բայց հըլը մեզ պիտի կարողանային տանից դուրս հանել, որ բառնային մեքենաները։ Ուրեմն՝ քույր ու եղբայր, բոլորը ղժժում, ճվում են, լացում են՝ «Մենք չենք գնում, մենք մնում ենք մեր տատիկի մոտ»։ Հորեղբորս, տատիկիս գրկել եմ, լացում եմ։ Սրանք պոկում են, շպրտում են, նորից մենք լացում ենք, փաթաթվում ենք նրանց։ Հերթով ուզում են հանեն, հերթով էլ չեն կարողանում, տանում են, մինչեւ հասցնում են դռան մոտ, հետ ենք վազում, սեղանից ենք կախվում։ Քիչ-քիչ սկսեցին հանել դուրս։ Էն փոքր քրոջս հանեցին, էդ երեք տարեկանին ավելի հեշտ էր հանելը, տարան դուրս, տարան, նստացրին մեքենայի մեջ։ Հիմա եկել են, որ 38 թվին ծնված եղբորս՝ Հենրիկին, տանեն, Հենրիկը մի ձեռը քցել ա, տատիին ա գրկել, մի ձեռքով սեղանն ա բռնել, ինքն էլ շատ ուժեղ տղա ա, երկու զինվորները չեն կարողանում սեղանից պոկել։ Էսպես երեխային սեղանի հետ քաշելով տարան, հասցրին դռան մոտ, մի կերպ ընդեղ, ձեռներին խփելով, պոկեցին սեղանից։ Սրան էլ տարան, դրին մեքենայի մեջ, հիմա եկել են, մամայիս են ուզում տանեն արդեն, մամաս էլ լացում ա, փաթաթվել ա կեսուրին՝ «Ես չեմ գնում, ես մնում եմ»։
Մի գոռոց, մի ղժժոց ա, մեր ձայնը, մեր ընտանիքի ձայնը գնացել-հասել ա գյուղամեջ, հարեւաններն արթնացել են, նույնիսկ գրասենյակում են լսել մեր ձայնը, բայց ոչ մեկը… Ստալինի ահ ու սարսափից ո՞վ ռիսկ կաներ մոտենար, հարցներ՝ ի՞նչ ա պատահել, ի՞նչ ա եղել, ոչ ոք չի գալիս։
Քիչ-քիչ սկսեցին հանել տանից, հետո եկան դեպի ինձ, ես էլ ամենաշատը հորեղբորս եմ սիրում, վիզը գրկել եմ՝ «Ես չեմ գնում, ես մնում եմ Հայրոյի մոտ»։ Սրանք պոկեցին ինձ, գցեցին ցած, տվին ցած, մի հատ էլ մեջքիս խփեցին։ Հետո ես էդ րոպեին հիշեցի, որ գետի մոտ խաղալիք եմ թողել, ցերեկը խաղացել եմ, խաղալիք եմ թողել գետի մոտ։ «Վա՜յ,- ասի,- իմ խաղալիքները մնացել են, ես գնում եմ իմ խաղալիքները բերեմ»։
Թորոս անունով մի մարդ կար, մեր գյուղացի, ակտիվիստ էր, նա էլ էր ներկա, սա ինձ քացիով որ տվեց, ես մի յոթ-ութ մետր թռա բակը, լավ էր՝ քարերի վրա չընկա։ «Ֆաշիստի ճուտ, ֆաշիստ,- ասաց,- գնում ես, որ փախչես էնտեղից»։
Էդպես շպրտեց, հետո վազեվազ եկան զինվորները, ինձ վերցրին, գցին մեքենան։ Մնացին ներսը քույրիկս, վեցերորդ դասարան էր սովորում (էնտեղ մահացավ էդ քույրս), մեկ էլ մամաս։ Ես դեռ ներսում էի, քույրիկս ասաց. «Տատի՛ ջան, մենք գնում ենք, կարող ա էլ չվերադառնանք, ինձ ընդհանրապես կարող ա էլ չտեսնեք, ես գնացի,- ու ձեռը գցեց, մազից մի փունջ պոկեց էդ քույրիկս, դրեց սեղանին, ասաց,- տատի՛ ջան, էս, մեկ էլ գովասանագրերս որ ստանաս, կմնա քեզ հիշատակ»։ Ու ինքը իր ոտով, կամավոր դուրս եկավ էդ քույրիկս։
Հիմա մամայիս են հանում, մամայիս մի կերպ ձեռքերին խփելով, էլի ողբ, լաց, մի շիվան, մի գոռոց, վերջը պոկեցին, մորս էլ տարան: Մերս քառսունքի մեջ երեխա ունի, մոռացել ա երեխային, մամայիս տարան, հասցրին մեքենան, մեզ էլ բոլորիս տարան, մեզ լցրին մեքենաները, որ պտի մեքենան շարժվի, մեկ էլ մամաս խփեց չոքերին. «Վա՜յ, իմ բարուրը մնաց տունը»։ Որ ասաց՝ «բարուրը մնաց», բոլոր երեխաներով թռանք մեքենայից, իջանք ցած։ Մինչեւ մաման կիջներ, մենք արդեն իջանք, վազանք, մտանք տուն, մեծ եղբայրս էլ՝ մեզ հետ։ Հիմա մտել ենք, ամբողջ տունը տակնուվրա ենք անում՝ բարուրը չկա, չկա ու չկա։ Մահճակալների վրա մի երկու անկողին մնացել էր, նայում ենք դրանց մեջ, երեխան չկա։ «Բա ի՞նչ եղավ իմ երեխան»,- ասեց մամաս ու սկսեց լացել, մենք էլ հետը։ Էդ զինվորներն էլ արդեն իմացան, որ երեխան ենք կորցրել, մամաս էլ ասում ա՝ «Եսիմ ինչ արին, երեխին տարան, եսիմ ինչ հանին մեր երեխի գլխին, թշնամություն արին»։ Մեծ եղբայրս մտավ ներս, ասաց՝ «Չգտա՞ք երեխին», ասինք՝ չէ՛։
Ուրեմն, էն ժամանակ օրորոցները կախում էին օճորքից (առաստաղից) ու քնացնում էին երեխաներին, էլ գետին չէին դնում, գետին դնովի օրորոց չկար։ Ուրեմն, որ գորգը պատից իջացնում են, մամաս ասում ա՝ «Չէ, գորգը մի դրեք, էլ տունը բան չթողիք, էս էլ թող մնա կեսուրիս ու տեգորս», գորգը գցում են ցած։ Որ գորգը տենց գցում են, էլ չեն նայում, գորգը կպնում ա էդ օրորոցին, օրորոցը թեքվում, բարուրն ընկնում ա գորգի ծալքերի մեջ։ Հետո մամաս չի իմանում՝ ինչ ա եղել, ոտով բրդում ա գորգը մահճակալի տակ, ասում ա՝ թող մնա, մնա տատիկին։ Էդքան ժամանակ մինչեւ մեզ հանում են դուրս, գորգի վրա ուշադրություն դարձնող չկա։
Որ արդեն նստեցինք մեքենան, որ մամաս ասեց՝ երեխան, եկանք լցվանք ներս։ Դե, երեխան, երեխան չկա, վերջը մեծ ախպերս՝ Զախարը, գտավ երեխուն։ Բացին, տեսան փրփուր տվել ա բերանը, ինքն էլ կապուտ լողակ։ Հիմա մենք էլ արդեն աքսորի համար չենք լացում, մեր փոքր եղբոր համար ենք լացում։ Լաց ու շիվան, տատս, մամաս մազերը փետում են՝ «Երեխես մեռա՜վ, երեխես մեռա՜վ»։ Էդ ռուս զինվորականը մորս ձեռից խլեց, բացեց, երեխուն արհեստական շնչառություն տվեց, ահագին դես ու դեն, ջուր ուզեց, ջուրը բերին-տվին, երեխային ջուր խմացրեց, քառսունքի մեջ երեխա, վերջը ինքը զգաց, որ արդեն երեխան հետ ա գալիս, էսպես կիսատ-պռատ փաթաթեց երեխուն, ասաց. «Վպերյոդ, վսե վպերյոդ, բոլորդ գնացեք»։
Բոլորը գնացին, արդեն նստան մեքենան, ինքն էլ երեխան ներքեւից շպրտեց մորս գիրկը, մեքենան շարժվեց։ Մեքենան ուղիղ ժամը վեցին դռնից դուրս եկավ, արդեն հայաթից դուրս եկավ, շարժվեցինք։ Ամբողջ փողոցը անասուններ են՝ կով, ոչխար, գառներ, հորթեր ու ժողովուրդ՝ էսպես լցված իրար գլխի։ Արդեն ժամը վեցն ա, բոլորը արթնացել են, մեկը մեկին հաղորդել ա, որ գյուղից հինգ-վեց ընտանիք աքսորում են, տանում են։ Մի ձեն ա, ուրեմն, ոչխարի ձենը մի կողմից, գառները մի կողմից են բռում, ժողովուրդը մի կողմից, շատ հետաքրքիր տեսարան էր, էլի, միայն թե կարողանային էդ տեսարանը նկարել։
Վերջը բերին հինգ մեքենաներն էլ բարձած՝ ժողովրդով, քշեցին, բերում են Նորաշեն, իհարկե, մենք հետո իմացանք ուր են տանում, արդեն լաց ու շիվան, մեքենայի մեջ, ըսենց, լացելով գնացինք։
Շոգ, արեւ, կրակ, արդեն լույսը բացվել ա, արեւը բարձրացել ա, հասանք Բազարչայ (ներկայում՝ Սյունիքի մարզի Գորայք)։ Բազարչայի հենց առաջին տանը իմ մորաքույրս էր ապրում։ Սրանք ենթադրել են, որ պապաս գերի ա եղել, հնարավոր ա, որ պապայիս էլ աքսորեն, բայց տեղեկություն չունեն։ Ուրեմն, որ մեր մեքենան հասավ հորաքրոջս տներից մի քիչ հեռու, արդեն մոտենում ենք բակին, մամաս գոռաց՝ «Հեղինե, մեզ տարան»։ Որ ասաց՝ «Հեղինե, մեզ տարան», մորքուրս արդեն լսեց, ճանաչեց, իրա տղայի հետ էր կանգնած, մորքուրս ընդեղ ուշագնաց եղավ, ընկավ։ Մամայիս ձեռքից էլ բարուրն ընկավ։ Ընկավ մեր պարկերի արանքը, չենք կարում երեխուն էդ պարկերի արանքից հանենք, երեխան էլ ընդեղ ա խեղդվում։
Վերջը, մի կերպ մամայիս էլ խելքի բերեցինք, լացելով գնացինք։ Դե, ոչ ասֆալտ ճանապարհ կա, ոչ բան, դըխկ ու դըրըխկ, թոզ ու դուման։ Էսպես մեզ հասցրին մինչեւ Եղեգնաձոր, հասցրին Եղեգնաձոր։ Հա, մոռացել էի՝ որ մեզ արդեն գյուղից հանում էին, դուրս էինք գալիս, էս կոլխոզի նախագահ Սամվելն ասաց՝ Սարուխա՛ն, հաց վերցրե՞լ ես։ Հերս ասեց՝ չէ, կավուրմա-բան վերցրել ենք, պանիր վերցրել ենք, բայց հաց մոռացել ենք, շշկռել ենք, հաց չենք վերցրել։ Ինչքան բարի մարդ էր, ռուսներին կանգնացրեց, ասեց՝ սպասեք, գնաց իրա զոքանչի տանից, թե ում տանից մի մալիրովնի վեդրո (էմալապատ դույլ) մածուն լցրեց, մի քսան հատ էլ լավաշ բերեց, տվեց պապայիս, ասեց՝ սաղ ճանապարհը շոգ ա լինելու, մինչեւ ընդեղ հասնելը կտաք մածունը, պանիրը երեխաները կուտեն։
Հասանք Նորաշեն, Նորաշենի մի հատվածը լրիվ աքսորյալներ արդեն լցված են։ Եկել են Ազիզբեկովից (ներկայում՝ Վայոց ձորի մարզ), Եղեգնաձորից, հետո՝ Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից, Վարդենիսից… Լիքը մեքենաներ են, արդեն դատարկվում են։ Վերջին մեքենաները Սիսիանից են գալիս, եւ ի՜նչ տեսանք, երանի՜ չտեսնեինք։ Ուրեմն, մեքենաները դատարկել են, կույտ-կույտ ժողովրդի եղած-չեղածը լցրել են, բոլորը լացում են, երեխաները ղժժում են, լաց ու շիվան։ Մի տեղ տեսանք՝ մի ծեր կին մեռնում ա, ու գոռում են՝ «Մեռա՜վ, հասե՛ք, օգնե՛ք»։ Բայց ո՞վ օգնի, ի՞նչ օգնի… Էս պառավ, սմքված, գունատ կինը էդ վերմակների կույտերի վրա մահացավ։ Երեւի մի տաս մետր էդ մեռնողից հեռու էլի ճվոց, գոռոց, ձեն են հանում. «Հասե՛ք, օգնե՛ք, բուժքո՛ւյր բերեք, բժի՛շկ բերեք, տատմե՛ր բերեք, հարս ա ազատվում»։ Ըտեղ էլ հարսն ազատվեց։
Մի քիչ հանդարտվեցին արդեն, բայց ջուր են ուզում, ջուր տվող չկա։ Ժողովուրդը՝ իրանց բեռներով, նստած են էդ շոգ տեղը, չասավոյները, ժամապահները ակրուժենու (շրջապատման) մեջ են վերցրել ամբողջ էդ ժողովրդին, սրանք գոռում են՝ ջուր եմ ուզում, մանեկենները ոնց են սառն ու անշարժ կանգնած, սառը մանեկենների նման կանգնած՝ հրացանները ձեռքներին, ոչ մի վերաբերմունք. ինչ ուզում եք, եղեք։
Էդպես ծարավ, սոված ժողովուրդը մնացին, մինչեւ ժամը հինգին մոտ գնացքներն եկան։