ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարեւանությունից եւ համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ հեռացնելու եւ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ Կառավարությունը հրատապ միջպետական գանգատով պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՄԻՊ-ը շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետեւյալ իրավունքները՝ կյանքի իրավունքը, ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, սեփականության իրավունքը, տեղաշարժի ազատությունը:
Նույնը վերաբերում է նաեւ ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:
«Մենք ՀՀ Կառավարությանը կտրամադրենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները եւ հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:
ՀՀ ՄԻՊ-ը մեկ այլ հայտարարությամբ մանրամասնել է ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանամերձ բնակիչների՝ եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները: