Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տելեգրամյան ալիքում հաստատել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը ընտանիքի հետ Մոսկվայում է։
«Բաշար ալ-Ասադը եւ նրա ընտանիքը Մոսկվայում են։ Դժվար իրավիճակներում Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին»,-գրել է Ուլյանովը։
Հիշեցնենք՝ նախօրեին ռուսական ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Կրեմլի ազբյուրներին, գրել էր, որ Ասադը ապաստան է ստացել Ռուսաստանում։
Նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։
Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։
Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։