Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
1948 թվականի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1950 թվականից էլ օրը պաշտոնապես ճանաչվեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Թեեւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ամենօրյա գերակա առաջնահերթություն, բայց այս օրը առիթ է վերանայելու ոլորտը, արձանագրելու արվածն ու չարվածը մեր երկրում:
Արդյո՞ք Հայաստանում իրենց տեղում են պետական եւ հասարակական կառույցները մարդու իրավունքների պաշտպանության առումով, ո՞ր ոլորտներում են առավել հաճախ խախտվում մարդու իրավունքները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ ավելի հեշտ կլինի ասել, թե ո՛ր իրավունքը չի խախտվում մեզանում:
Իրավապաշտպանը Երկխոսությունների մեդիա կենտրոնում հերթով թվարկում է ոլորտներ, որտեղ մարդու իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, այլեւ խիստ ոտնահարված են: «Առաջին. խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանությունն անմխիթար վիճակում է: Խախտված իրավունքի հիմքով պատասխանատուներն էլ չեն բացահայտվում, էլ չենք խոսում պատասխանատվություն կրելու մասին»:
Ըստ իրավապաշտպանի՝ մեր իրականության մեջ, ցավոք, արդեն սովորական է դարձել մարդու կյանքի իրավունքի ոտնահարումը, հատկապես զինված ուժերում: Շարունակվում են ոչ հրադադարի խախտման հետեւանքով զինծառայողների մահվան դեպքերը, որոնք հիմնականում ավարտվում են ոչ արդյունավետ հետաքննությամբ: Սաքունցն ամենավերջին դեպքն է օրինակ բերում, երբ երկու ամիս առաջ կարգապահական վաշտում 19-ամյա զինծառայողն ինքնասպանություն գործեց պետության անմիջական հսկողության ներքո:
Իրավապաշտպանը իրավունքի եւս մեկ համատարած խախտում էլ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն է համարում մեր երկրում: Օրինակ է բերում, երբ Մարալիկում կրթական հաստատություններից մարդիկ հեռացվեցին արդեն ընտրված թեկնածուին չքվեարկելու համար: Սաքունցը մտահոգիչ է համարում փաստը, որ պետությունը չի արձագանքում իրավախախտումներին, չի բարձրաձայնում իր իսկ պարտականության հանձնառության մասին: Ըստ բանախոսի՝ բարելավված ոլորտներ նույնպես կան մեր երկրում, օրինակ՝ ընտրական իրավունքն ավելի արդար է իրացվում, բայց այստեղ էլ ավագանին է կաշկանդված, հիմնականում չունի սեփական կողմնորոշում:
Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն անդրադառնում է քաղհասարակության դերին մարդու իրավունքի ձայնը լսելի դարձնելու գործում: Ասում է՝ օրվա խորհուրդը մեծ է, բայց, ցավոք, օրվա ընկալումը չկա: Հայաստանը միջազգային կառույցների տեսանկյունից շարունակում է մնալ հիբրիդային. մի կողմից՝ ժողովրդական, մյուս կողմից՝ ավտորիտար: Մարտիրոսյանն ավտորիտարիզմի աճ է տեսնում, արձանագրում. «Օրինակ՝ Արմավիրի ավագանին ամենաերջանիկն է, քանի որ բաղկացած է միայն իշխող ուժի անդամներից: Դա նորմալ չէ, ավագանին տեղական պառլամենտ է»:
Իրավապաշտպանը հարցի լուծման համար ՀԿ-ների ազդեցությունը չնչին է համարում, քանի որ իշխանություններին ու կուսակցություններին չի հետաքրքրում՝ ինչ է մտածում, ինչ լուծման ուղիներ է առաջարկում քաղհասարակությունը: «Պետությունը պատրաստ չէ լսելու քաղհասարակության ձայնը: Քաղհասարակության կարիքն ունենում է այն ժամանակ միայն, երբ միջազգային զեկույցներ գրել է պետք, այդ ժամանակ ընկնում են քաղհասարակության դռները, օգտվում նրանց հետազոտություններից, վերլուծական աշխատանքներից, մոնիթորինգների արձանագրություններից»:
Որպես մարդու հիմնարար իրավունքների ամենավառ ոտնահարման օրինակ Մարտիրոսյանը դատական համակարգն է համարում, ասում է՝ ոչ մի կերպ չեն պաշտպանում մարդու իրավունքը, միշտ նրանց մի բան խանգարում է: Մեկ գործի ընթացքում մինչեւ 15 դատավորի են փոխում՝ կիսատ թողնելով 100 գործ: «Թվում է՝ դատարանը հանցագործի, ոչ թե տուժողի պաշտպանն է»:
«Երբ մարդիկ դիմում են իրավապաշտպան կառույցին, այնտեղից էլ հարցն ուղղվում է համապատասխան մարմնին, լինո՞ւմ է համապատասխան արձագանք» հարցին Մարտիրոսյանը պատասխանում է. «Լինում են եւ լուծվում են, բայց դրանք այնպիսի խախտումներ էին, որ չպետք է լինեին, օրինակ՝ աշխատանքից կամայական ազատելու, դպրոցներում ջերմության ապահովման եւ այլ հարցեր: Մենք ուզում ենք ոչ թե անհատական, այլ համակարգային փոփոխություն լինի մեր եւ պետության համագործակցության շնորհիվ»:
ՀՀ ՄԻՊ ՇՄ ստորաբաժանման պատասխանատու Լուսինե Նահապետյանը վստահեցնում է, որ իրենց կառույցը լուրջ աշխատանքներ է տանում մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Ամենաշատ դիմումները որ ստացել են, անօթեւանության կարգավիճակ ստանալու իրավունքի վերականգնման համար է եղել: «1988 թվականի երկրաշարժից հետո անօթեւանների խնդիրները խորքային են: Կան մարդիկ, որոնք ապրում էին 3-4-րդ կարգի վթարային շենքերում: Երբ այնտեղ ապրելը կյանքի համար վտանգ է ներկայացրել, ընտանիքները տեղափոխվել են տնակներ: Հիմա էլ պետությունն ասում է՝ դու տուն չես կորցրել, անօթեւանության կարգավիճակ չես կարող ստանալ»:
ՄԻՊ ՇՄ ստորաբաժանումը կրթության, աշխատանքային, դպրոցներում սննդի թերի մատուցման եւ բազմաթիվ այլ իրավախախտումների վերաբերյալ նույնպես բազում դիմումներ է ստանում, գնում դրանց հետքերով, ուսումնասիրում, երբեմն էլ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում Կառավարությանը:
Ի տարբերություն ՄԻՊ-ի՝ քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունը ձախողված են համարում, դրան ուղղված քայլերն էլ՝ դեկորատիվ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։