Մանկության եւ վաղ երիտասարդության տարիներին, քանի դեռ կային Առաջին համաշխարհային պատերազմը, Լեռնային Ղարաբաղում բրիտանական ռազմական ներկայությունը հիշող սերնդի վերջին մոհիկանները, ստահակ, անկայուն, համոզմունքներ փոխող մարդու մասին «английский флаг» բնորոշումը բազմիցս եմ լսել: Դատավճիռ չէր, բայց գյուղական աշխարհում, որտեղ միմյանց գիտեին յոթ պորտով, նմանների հետ աշխատում էին գործ չբռնել:
Նրանք անվստահելի էին, թեեւ միշտ մնում էին ալիքի վրա՝ շահելով կոլխոզա-գյուղխորհրդական հիերարխիայում որեւէ պաշտոն: Մինչեւ նախագահին կփոխեին, կգար նորը, նրանց էին հավատարմության երդում տալիս եւ վերստին նշանակվում ֆերմայի վարիչ, բրիգադավար, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ կամ անտառապետ:
Գյուղացիական չքավորության, մեկի պապի մոտ իրենց պապի բատրակության փաստը նրանք հաջողությամբ օգտագործում էին հատկապես այն վճռական փուլում, երբ շրջանում կուսակցական նոր ղեկավար էր նշանակվում:
Անգլիական դրոշներ ամեն տեղ կային, մեր գյուղը, թերեւս, ամենաքիչ տուժածն էր: Դասական անգլիական դրոշները նոր, քիչ թե շատ սկզբունքային, հայրենական Արցախի ճակատագրով մտահոգ խորհրդային-կուսակցական պաշտոնեության դեմ Բաքու եւ Մոսկվա մատնագրեր էին հեղինակում՝ բողոքելով, որ նորերը շեղվում են կուսակցության գծից: Օրինակ՝ անհատական տուն կառուցելու համար հողահատկացում չեն անում Իվան Թեւոսյանի անվան պետական տնտեսության անասնապահ Յագուբ Մահեռամովին՝ պատճառաբանելով, որ նա տեղի գրանցում չունի:
Նման մի դեպք ես հիշում եմ այսօրվա պես, երբ շրջկոմի քարտուղար Վահան Գաբրիելյանը կարգադրել էր Լաչինից մեր գյուղ տեղափոխված «անասնապահին» քսանչորս ժամում հետ ուղարկել: Դա նրան պաշտոնանկություն արժեցավ, բայց սարերը փրկվեցին, անասնագողությունն առժամանակ դադարեց:
Իսկ նրանք անում էին իրենց գործը, որպեսզի զավակներին կրթության ուղարկեն, մեծ քաղաքներում հոգան նրանց աշխատանքի դասավորելու, ամուսնացնելու, կոոպերատիվ բնակարանի հերթագրման եւ կանխավճար մուծելու հարցերը: Խորթացման, օտարման այդ աղավաղումը գրականությամբ պատկերված է, չեմ մանրամասնի:
Արտառոցը, ոչ օրինաչափը կամ, ընդհակառակը, հենց ամենասպասելին Շարժման առաջին օրը անգլիական դրոշների շքերթն էր: Նրանք կանգնեցին առաջին շարքերում: Նույն խանդավառությամբ եւ թափով, ինչպես տասնամյակներ ի վեր հակառակն էին արել՝ կապեր եւ հարաբերություններ էին որոնել եւ ստեղծել Բաքվի հետ, հարեւան ադրբեջանական շրջանների ղեկավարության, ստվերային տնտեսության ներկայացուցիչների շրջապատում:
Եվ ամեն ինչ հայելային արտացոլում գտավ դեպի Երեւան նրանց էքսպանսիայում: Շարժումը, հետագա բոլոր իրադարձություններն անգլիական դրոշների համար մի իմաստ ունեին՝ պահել կուտակածը, տեղավորվել նոր ձեւավորվող հարաբերություններում, բացահայտել հնարավորություններ, որ ճանապարհ հարթեին դեպի հայաստանյան իրականություն, դեպի Երեւանի փոքր կենտրոն:
Կարեւոր չէ՝ ինչպես: Միայն թե մնան ալիքի վրա: Բոլոր գեղեցկախոսությունները, որ երեսուն տարի պատմվել եւ դեռ պատմվում են, միամիտ ականջների համար են: Մարդիկ Երեւանում բնակարան եւ մի «թեթեւ գործ» արդեն 1988-1989 թվականներից ունեին: Հին, անցյալ դարի 60-ականներին Երեւանում «հալածյալի» սրբապատկերով հաստատված ղարաբաղյան էլիտան, որ բազմաթիվ ճյուղավորումներ ուներ գիտական, մանկավարժական, պետական-կուսակցական եւ գործարար աշխարհում, անգլիական դրոշների հովանավորն ու մեկենասն էր: Քաղաքական, սոցիալական մեկենասը:
Գործնական հարցերում, ֆինանսական տեսակետից նրանք լիովին ինքնաբավ էին: Մի բան էլ ավելի՝ կարողանում էին մանր-մունր ծառայությունների, բարեխոսությունների դիմաց հնչուն փողով վարձահատույց լինել:
Այսօր Հայաստանում անգլիական դրոշների խրախճանքի ժամն է: Հները չկան: Նրանց փոխարինել են արդեն Երեւանում ծնված ժառանգները, բայց էապես նրանք անգլիական դրոշներ են, ունեն իրենց ուրույն «մշակույթը» եւ սոցիալական վարքի նարատիվն ու աստիճանակարգը: Նրանք կառավարվում են մեկ եւ միեւնույն կենտրոնից: Նրանց աշխարհում ամեն ինչ ենթարկեցված է կաստայական հավատարմության դաժան օրինաչափությանը, որից կես քայլ աջ կամ ձախ տեղաշարժը պատժվում է արտաքսմամբ, մոռացությամբ՝ լավագույն դեպքում: Ավելի հաճախ հետեւում է ունեզրկում:
Երեսուն տարում անգլիական դրոշները ստեղծել են իրենց «օրդենը»: Արցախը եւ արցախցիները չեն ինտեգրվել հայաստանյան քաղաքակրթությանը, սոցիալական վարքի մշակույթին: Արցախյան «բացառիկությունը» նույն անգլիական դրոշն է, բայց արդեն՝ խստորեն վերահսկվող: Որեւէ իշխանություն այդ երեւույթը հաղթահարել չի կարող: Ճեղքում կարող է լինել միայն հանրային համերաշխության դաշտում: Քաղաքականությունը միայն պետք է նպաստի դրան: Այլապես անգլիական դրոշներն անելու են վերջին «սխրագործությունը»՝ ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ:
Հայկական միջավայրն արդեն նեղ է նրանց համար…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։