Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հանրապետությունում տիրող իրավիճակը եւ օգնություն առաջարկել ճգնաժամի կարգավորման համար։ Այդ մասին հայտնում է «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի եւ Էմանուել Մակրոնի միջեւ։ Մակրոնը նշել է, որ ափսոսում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ իրավիճակն ամբողջությամբ լիցքաթափելու համար։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար եւ ողջունել համատեղ ջանքերի գաղափարը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Իվանիշվիլին եւ Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին շփում կունենան եւ կգնահատեն ձեռք բերված առաջընթացը։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ եւ տեւել մեկ ժամ։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Դրանք սկսվեցին նոյեմբերի 28-ին, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցությունների հարցը օրակարգ բերելու մինչեւ 2028 թվականը։
Կոբախիձեի նման որոշման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արդեն մի քանի օր է, ինչ հատուկ միջոցներ է կիրառում։ Բերման է ենթարկվել ավելի քան 300 մարդ։