«Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի պատասխանները։
Շատ կարեւոր է, որ հայ ժողովրդի ընտրության ներկապնակում լինի եվրոպական գաղափարը, եվրոպական արժեքները, եվրոպական ընտրությունը: Միայն այդպես մենք կարող ենք միանալ քաղաքակիրթ աշխարհին:
Մենք առաջարկում ենք անմիջապես կատարել երեք քայլ` ելք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, մուտք ԵՄ եւ ՆԱՏՕ, ինչպես նաեւ ընդլայնված, խոր եվրոինտեգրում: Հայաստանը Եվրոպա է եւ վերջ: Սա է մեր կարգախոսը, եւ սրանով ենք մենք տարբերվում բոլորից:
Մենք բացարձակապես մերժում ենք ապօրինի եւ Հայաստանին թելադրված հայտարարությունը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետն իրավունք չունի ընդունելու որեւէ պայմանագիր, որը վավերացված չէ ԱԺ-ի կողմից: Ուստի նոյեմբերի 9-ից սկսած՝ մեզանում տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, ու փաստորեն դա պետական հեղաշրջում է: Եվ սահմանների փոփոխության պարագայում դա միջազգային իրավունքի խախտում է: Հետեւաբար Արցախի հարցի լուծումը կարող է տրվել միմիայն միջազգային հանրության կողմից ստեղծված Մինսկի խմբի ձեւաչափով: Եվ մեր վերջնական նպատակն է Արցախի հետ միացումը, ինչպես դա գրված էր 1990-ի ՀՀ Անկախության հռչակագրում:
Այն, ինչ դուք անվանում եք աշխարհաքաղաքական փոփոխություն, դա մեր կուսակցության ծրագրային նպատակն է: Մենք ասում ենք՝ ՌԴ-ն, որը գաղութացրել էր մեր երկիրը 1921 թվականին, անցել է մեր երկրի զավթմանը: Արցախը եւ մեր երկրի որոշ մասեր արդեն զավթված են ռուսական գաղութային թուրքի կողմից: Մեր կարծիքով ՌԴ-ն հիմա գահավիժման, տապալման շեմին է, եւ վերջին 100 տարիների ընթացքում երրորդ անգամ մեր երկրի անկախությունը գալու է մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումով: Եվ ոչ թե ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի նրա տեղը, այլ պարզապես մեր անվտանգության, տնտեսական եւ ռազմաքաղաքական ուղղվածությունը պետք է փոխվի, մենք դառնանք արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս: Եվ դա չի նշանակում, թե ՌԴ-ի տեղը բերելու ենք ինչ-որ մեկին, մենք պարզապես հաստատում ենք մեր պետականությունը եւ անվտանգությունը ԵՄ-ի կազմում:
2017 թվականին մեզ առաջարկել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որն, իհարկե զիջում էր ավելի վաղ առաջարկված` Ասոցացման համաձայնագրին, բայց, միեւնույնն է, մենք անցնելու ենք այդ ողջ ճանապարհով, հասնելու ենք լիիրավ անդամակցությանն ինչպես ԵՄ-ին, այդպես էլ ՆԱՏՕ-ին: Մեր հարեւան Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան արդեն շարժվում են այդ ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, մեզ կհաջողվի գրեթե նրանց հետ միաժամանակ համալրել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կազմը:
Նախ մենք պետք է լուծենք անվտանգության խնդիրները, դա հենց այն կետն է, որի վրա ռուս-թուրքական դաշինքը կառուցում է իր հակահայկական քաղաքականությունը, պահում մշտական խուճապի վիճակում: Անվտանգության խնդիրը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով. մենք դուրս ենք գալիս ռուս-թուրքական ռազմաքաղաքական կառույցից` ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ից, փոխարենը նախ որպես ասոցացված անդամ, այնուհետեւ լիիրավ անդամ մտնում ենք ՆԱՏՕ եւ ԵՄ: Եվ դա մեզ կօգնի դուրս գալու այս վիճակից: Եթե այդ կառույցների միայն դրոշները հայտնվեն այստեղ, դա արդեն բավական է, որ մենք դառնանք անձեռնմխելի:
Ոչ թե հնարավոր է, այլեւ դա լիակատար պայման է, պարզապես պետք է մտնել ԵՄ եւ ՆԱՏՕ, եւ դա բացարձակապես չի նշանակում զրկվել ինքնուրույն քաղաքականություն վարելուց: Տեսնում եք, որ ԵՄ-ում կան թագավորություններ եւ հանրապետություններ, կան ե՛ւ ազգային, ե՛ւ ազատական երկրներ: ԵՄ-ի սկզբունքը հենց ժողովրդավարության ներսում տեղավորվող բազմազանությունն է, եւ դա երաշխավորում է մեր ազգային ինքնության պահպանումը, մշակութային եզակի ժառանգությունը եւ ամենակարեւորը` մեր անվտանգությունը:
Բնականաբար, բայց նախ Թուրքիան պարտավոր է ճանաչել իր պատասխանատվությունը: Ապա մենք անցնում ենք հատուցման քննարկումներին, եւ հետո միայն կարող ենք նորմալացնել մեր հարաբերությունները:
«Ապաշրջափակումը» գեղեցիկ բառ է, որը կոչված է քողարկելու մեր երկրի զավթումը: ՀՀ բոլոր սահմանները կարող են լինել բաց, բայց միայն մեր պայմաններով եւ ի շահ մեր ժողովրդի: Իսկ Մեղրիի միջանցք` մենք դա թույլ չենք տալու: Մենք ունենք շատ կարեւոր եւ հրապուրիչ առաջարկ, դա Հյուսիս-հարավ ճանապարհն է, որովհետեւ Եվրոպան Ուկրաինայի, Վրաստանի միջոցով եւ Հայաստանի կամրջով է կապվում Իրանի ու Մերձավոր Արեւելքի հետ: Դա է այն ճանապարհը, որը մեզ բերելու է ե՛ւ անվտանգություն, ե՛ւ տնտեսական զարգացում:
Տարբերակը կարող է լինել միայն մեկը, մենք մերժում ենք ստալինյան սահմանները եւ անում ենք այն, ինչ արդեն արել են Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան եւ այլ երկրներ. ՀՀ-ն ոչ թե Խորհրդային Հայաստանի, այլ Առաջին հանրապետության իրավահաջորդն է: Ադրբեջանական առաջին հանրապետության սահմաններում չկային ո՛չ Արցախը, ո՛չ էլ Նախիջեւանը: Հայաստանի առաջին հանրապետությունը ճանաչված էր Ազգերի լիգայի 50 պետությունների կողմից, եւ մենք պարզապես պետք է վերադառնանք այդ ժառանգությանը միջազգային օրենքների հիման վրա: Մենք իրավական այլ հիմքերով ենք խոսելու աշխարհի հետ, այնպես որ խորհրդային սահմանները տվյալ դեպքում առ ոչինչ են:
Ո՛չ, ես վստահ եմ, որ սա լինելու է ռուսական վերահսկողության տակ անցնող վերջին ընտրությունը: Բայց մենք պարտավոր ենք ընդունել այդ մարտահրավերն ու գնալ ընտրությունների, որպեսզի հնարավոր լինի հայ ժողովրդին տալ քաղաքական, քաղաքակրթական այլընտրանք ունենալու ճանապարհ:
Այո՛, նախկին բոլոր երեք եւ ներկա իշխանությունների հետ մենք բացառում ենք որեւէ համագործակցություն, որովհետեւ նրանք կոլաբորացիոնիստ են: Այսինքն՝ նրանք համագործակցել են զավթիչների եւ գաղութարարների հետ:
Ես արդեն ասացի, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, մտնի ԵՄ ու ՆԱՏՕ: Բայց դա մենք չենք նախատեսում այս ընտրություններին, որտեղ մենք չենք կարողանա հաղթել: Իրատեսորեն համարում եմ, որ մեր խնդիրը հիմա ԱԺ մտնելն է եւ ժողովրդավարական ուժերն ամրացնելը: Իսկ կառավարություն կազմելու մեր սկզբունքը լինելու է ոչ կուսակցական: Սփյուռքի ներուժն օգտագործելով` մենք ընտրելու ենք լավագույն մասնագետներին: Մեր կառավարությունը քաղաքական ու կուսակցական չի լինելու, լինելու է մասնագիտական: