Ռուսաստանի իշխանություններն են Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին համոզել, որ իր բանակը կպարտվի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման գլխավորած հակակառավարական ուժերին, եւ նրան առաջարկել են համաձայնության դեպքում անվտանգ տարհանել երկրից։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։
Գործակալության զրուցակիցներից երկուսը հայտնել են, որ նախագահ Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները՝ նրա տեղափոխման համար օգտագործելով Սիրիայի ռուսական ավիաբազան։ Աղբյուրներից մեկը նաեւ նշել է, որ Ասադին տեղափոխող օդանավում անջատվել են ռադիոհաղորդիչները՝ հսկողությունից խուսափելու համար։
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը Bloomberg-ին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է բացատրել, թե ինչու ռուսական հետախուզական ծառայությունները չեն նկատել Ասադի վարչակարգի համար աճող սպառնալիքը, որը հետագայում հնարավոր չեղավ կանխել։
Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումների սկզբում ռուսական բանակը մի քանի հարվածներ է հասցրել նրանց դիրքերին՝ փորձելով հետ մղել հարձակվող ստորաբաժանումներին եւ բարելավել սիրիական բանակի վիճակը։ Սակայն տեսնելով, որ սիրիական կառավարական զորքերը «լուրջ դիմադրություն չեն ցուցաբերել», իսկ հակակառավարական ուժերը, գրավելով Հալեպն ու Համան, սկսել են առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս քաղաք, Մոսկվայում հանգել են այն եզրակացության, որ այլեւս չեն կարող պաշտպանել Ասադի վարչակազմը, ասել է Bloomberg-ի աղբյուրներից մեկը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի արձագանքել գործակալության խնդրանքին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Սիրիայի հակակառավարական ուժերը հայտարարեցին մայրաքաղաք Դամասկոսի գրավման եւ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։ Նույն երեկոյան ռուսական ՏԱՍՍ-ը գրեց, որ նախագահ Ասադը արդեն Մոսկվայում է եւ ապաստան է ստացել Ռուսաստանում։
Արդեն այսօր ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Ասադը անվտանգ տեղափոխվել է Ռուսաստան։