Անկարան պատրաստվում է Վաշինգտոնին զգուշացնել Սիրիայի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (կառույցը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) ուժերի ներկայությանը վերջ տալու անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում Թուրքիան ինքնուրույն միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն «ահաբեկիչներից մաքրելու համար», հայտնում է CNN Turk-ը։
Լրատվականի փոխանցմամբ՝ թուրքական կողմի այս ուղերձը կհայտարարվի Անկարայում արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախատեսված բանակցությունների ժամանակ, որոնք կկայանան դեկտեմբերի 13-ին։
«Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ ԱՄՆ-ին եւս մեկ անգամ հստակ կհայտարարվի. «Կա՛մ դուք զբաղվեք դրանով, կա՛մ մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է հեռուստաալիքի Անկարայի բյուրոյի ղեկավար Դիջլե Ջանովան։
Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում թուրքական կողմը մասնավորապես ուշադրություն կհրավիրի Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» ու դրա սիրիական ճյուղի՝ «Ժողովրդական պաշտպանության ուժերին» (SDF) ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու անհրաժեշտության վրա։
«Թուրքիայի հիմնական նպատակը, որը կապված է եղել Սիրիայի հյուսիսի հետ, ի սկզբանե եղել է սահմանի երկայնքով 30-40 կմ խորության վրա անվտանգության ապահովումը։ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ այս հարցում պայմանավորվածություն է եղել, պարտավորություններ են եղել, սակայն դրանք չեն կատարվել»,- ասել է Ջանովան։
Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի տարիներին Թուրքիան երեք խոշոր ռազմական ներխուժում է կատարել հարեւան երկրի տարածք՝ դրանք բացատրելով քրդական ռազմականացված խմբավորումներից երկրի սահմանների մոտ անվտանգության բուֆերային գոտու ձեւավորման անհրաժեշտությամբ (2016 թվական՝ Ալ-Բաբի շրջանի ներխուժում, 2018 թվական՝ Աֆրինի շրջանի ներխուժում եւ 2019 թվական՝ Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանների ներխուժում)։
Անկարան բազմիցս է Վաշինգտոնին քննադատել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցություն ստացող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերին» Սիրիայի եւ Թուրքիայի սահմանից հետ չքաշելու համար։