Հայաստանի ռազմական զարգացման քաղաքականության նկատմամբ պետք է լուրջ սահմանափակումներ կիրառվեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
Միջազգային հարաբերությունների համակարգում նման պրակտիկայի օրինակներ բերելով՝ Հաջիեւն ասել է. «Որոշակի սահմանափակումներ են կիրառվում օկուպացիոն եւ ագրեսոր երկրների ռազմական շինարարության, ռազմական ծրագրերի եւ բանակաշինության նկատմամբ։ Այս սահմանափակումները կիրառվել են ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ Իրաքի նկատմամբ՝ Իրաք-Քուվեյթ պատերազմից հետո։ Ուստի, կարծում ենք, պետք է լուրջ սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի ռազմական զարգացման քաղաքականության նկատմամբ։ Պետք է դիտարկել նաեւ Հայաստանին հարձակողական զենք մատակարարող երկրների լուրջ պատասխանատվության հարցը»,- հայտարարել է Հաջիեւը։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ մտահոգիչ է համարել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին «երրորդ երկրների ուժերի տեղակայումը»՝ ի դեմս ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության։
«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության (ԵՄ) առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի»,- ասել է Հաջիեւը։
Ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անդյունքում որոշում էր կայացվել, որ ԵՄ առաքելությունը պետք է լինի կարճաժամկետ։
Ըստ Հաջիեւի՝ եթե սահմանազատման գործընթացն իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման ու խաղաղության պայմաններում, պաշտոնական Բաքուն այստեղ «երրորդ ուժի» առկայության անհրաժեշտություն չի տեսնում։
«Խաղաղության ամրապնդումը գործընթաց է անմիջականորեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ կրում է երկկողմանի բնույթ։ Ընդհակառակը, երկու երկրների սահմանին երրորդ ուժի առկայությունը որոշակիորեն ծառայում է իրավիճակի սրմանը եւ Հարավային Կովկասում Եվրամիության՝ որպես ռազմական գործոնի դրսեւորմանը»,- հայտարարել է Հաջիեւը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական եւ պաշտպանական ծրագրերին վերաբերող հայտարարություններին, որոնք պարբերաբար հնչում են Ադրբեջանից, Երեւանը պատասխանում է՝ ցանկացած երկիր իրավունք ունի ամրապնդելու իր ռազմական կարողությունները՝ սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա Բաքուն նրանց հաճախ է մեղադրում լրտեսության համար եւ հայտարարում, որ նրանց ներկայությունը սրում է իրադրությունը Հարավային Կովկասում։
Նոյեմբերի վերջին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համատեքստում քննարկվել է ԵՄ դիտորդների հարցը։ Այդ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նաեւ նշեց, որ Հայաստանը Ադրբեջանին հանդիպակաց առաջարկ է արել՝ դիտորդներին հեռացնել սահմանների սահմանազատված հատվածից։