Հրաժարական է տվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Այդ մասին Կառավարության նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մուրադյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ հույս ունի ապագայում եւս շարունակելու համագործակցությունը։
Մուրադյանն էլ, վարչապետին շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերած վստահության համար, նշել է․ «Շուրջ երկու տարի իմ հմտությունների, գիտելիքների եւ լիազորությունների շրջանակում, ինչքան կարողացել եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզի զարգացմանը: Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Շիրակի մարզում անմիջապես Ձեր, Կառավարության օգնությամբ»։
Հիշեցնենք՝ Մուրադյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարին՝ փոխարինելով Նազելի Բաղդասարյանին, որն այժմ վարչապետի մամուլի քարտուղարն է։ Մինչ Շիրակի մարզի ղեկավար նշանակվելը Մուրադյանը զբաղեցրել էր «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։