Ռուսական բանակը շարունակում է հազարավոր դիպուկահար հրացաններ եւ միլիոնավոր փամփուշտներ ստանալ արեւմտյան երկրներից՝ չնայած Ռուսաստանի դեմ զենքի էմբարգոյին, որը գործում է 2014 թվականից: Ըստ The Insider-ի հետաքննության, որը հրապարակվել է չեխական Investigace.cz-ի, իտալական IrpiMedia-ի եւ ղազախական Vlast.kz-ի հետ համատեղ, այդ զենքերը Ռուսաստան են մատակարարվում հիմնականում հետխորհրդային երկրներից:
Հետաքննության հեղինակները պարզել են, որ Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ընկերությունները վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան։ Այսպես, ըստ UN Comtrade-ի, Հայաստան, Վրաստան, Ղազախստան եւ Ղրղզստան արտահանումը 2020-2023 թվականներին աճել է երկուսուկես անգամ՝ 19․556 միավոր զենքից հասնելով 53․211-ի։
Միեւնույն ժամանակ, չորս տարվա ընթացքում գրեթե 30 անգամ կրկնապատկվել է Իտալիայից Հայաստան հրացանների արտահանումը՝ 2019 թվականի 68 միավոր զենքից 2023 թվականին հասնելով 1862-ի։ Ղրղզստանը, որը 2020 եւ 2021 թվականներին Իտալիայից զենք չի գնել, 2022 թվականին ստացել է 882 միավոր, իսկ 2023 թվականին՝ 4434 միավոր։ Թուրքիայից էլ 2023 թվականին Վրաստան է արտահանվել 18․843 միավոր զենք, որը 2019 թվականին կազմել էր 8426 միավոր։
Ինչպես նշում է The Insider-ը, Ռուսաստանի հետ կապված զենքի խոշորագույն եվրոպական արտադրողը Լյուքսեմբուրգյան Beretta հոլդինգն է։
Ռուսաստան դիպուկահար հրացանների եւ որսորդական հրացանների այլ մատակարարներից է ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող ABF զենքի խանութը: Ըստ մաքսային տվյալների, որոնք մեջբերում է The Insider-ը, 2022-2023 թվականներին ընկերությունը Ղազախստանին մատակարարել է 53 հրացան Accuracy International, Cadex Defense, FN Herstal, Patriot Ordnance Factory եւ Proof Research ընկերություններից։ Ղազախստանում այդ զենքերի վաճառքի վերաբերյալ տվյալներ չկան, սակայն նշված ապրանքանիշերից առնվազն երկուսը կարելի է գտնել ռուսական ընկերությունում, որը նախկինում համագործակցել է ABF-ի հետ:
Ռուս դիպուկահարները, ինչպես նշում է The Insider-ը, շարունակում են ռուսական զենքի փոխարեն օգտագործել արեւմտյան զենքն ու զինամթերքը։ Այդ մասին, օրինակ, վկայում են 2024 թվականի սեպտեմբերին Ղրիմի Անգարսկի մարզահրապարակում անցկացված դիպուկահարների մրցումների արձանագրությունները։ Դրանց մասնակցել են ինչպես ՌԴ պաշտպանության նախարարության եւ ուժային մյուս կառույցների հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարները, այնպես էլ հրաձգության սիրահար քաղաքացիներ։ 36 հրաձիգներից միայն յոթն են օգտագործել ռուսական դիպուկահար հրացան, եւ միայն չորսը՝ ռուսական արտադրության փամփուշտ։