Թե՛ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, թե՛ դրանից առաջ եւ թե՛ դրանից հետո աշխարհի տարբեր անկյուններում եւ հատկապես զինված հակամարտությունների գոտիներում մարդկությունը շարունակում է ականատես լինել ցեղասպանական գործողությունների, դրսեւորումների, ազդակների։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին իր ելույթում։
«Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների եւ զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել եւ ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլեւ բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր՝ աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների»,- հայտարարել է Միրզոյանը՝ նկատի ունենալով նախորդ՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի հայերի հարկադիր տեղահանումը եւ Հայաստան ապաստանելը։
ՀՀ ԱԳ նախարարը հաջորդիվ հավելել է, որ Հայաստանն անկարող է եղել կանխել այդ իրադարձությունները, որոնց անդառնալի հետեւանքներին ականատես ենք այսօր։
«Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին եւ տեղում ստեղծված իրավիճակին: Իսկ նշված ռիսկի գործոններից ամենաէականը՝ ատելության տարածումը, ի վերջո, ատելության խոսքից վերածվեց հանցագործության»,- նշել է Միրզոյանը ելույթի ժամանակ։