Միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրերի թեման շարունակում է մնալ Սիրիան: Միջազգային մամուլը, որ նախագահ Բաշշար ալ-Ասադի տապալումից մինչեւ այս պահը ուշիուշով հետեւում է զարգացումներին, չի թաքցնում, անշուշտ, այն մտավախությունները, որոնք առնչվում են Սիրիայի ապագային:
Շատերը խոսում են Սիրիայի բաժանման մասին, որը մեծ հաշվով անհնար չէ՝ նկատի ունենալով երկրի բնակչության այլազանությունը: Տարբեր կրոնական, ազգային պատկերներից բաղկացած այդ խճանկարը միշտ հարստություն է համարվել ինչպես Լիբանանի դեպքում, որտեղ գոյակցում են ոչ միայն մուսուլմաններն ու քրիստոնյաները, այլեւ նույնիսկ ինչ-որ առումներով հակառակորդ համարվող համայնքները:
Սիրիայի դեպքում մի փոքր այլ է, քանի որ, ի տարբերություն ընդունված օրենքների, Սիրիայում իշխող տարրը եղել է երկրում փոքրամասնություն նկատվող կրոնական համայնքը: Դա ալավիական համայնքն է՝ իսլամադավան շիականության մի ուղղություն, որին պատկանում են հայր եւ որդի Ասադները:
Ասադ ընտանիքը, շատ լավ տիրապետելով Սիրիայի ընդհանուր եղանակին, հրապարակ է նետել «Բաաս» քաղաքական կուսակցության շնորհիվ երկիրը ղեկավարելու ճարպիկ մոտեցումը, սակայն իրականում դա եղել է ալավի-բաասական մի վարչակարգ: Սիրիայի ռազմա-քաղաքական, անվտանգային բոլոր ոլորտներում ներգրավված է եղել երկրի ալավիական փոքրամասնությունը, եւ ալավիներն են հատկապես վճռորոշ դերակատարություն ունեցել երկրի բոլոր իրադարձություններում: Հիսուն տարուց ավելի այս ձեւով են հայր եւ որդի Ասադներն «անխափան» կառավարել Սիրիան:
Երբ այս օրերին վերլուծաբանները քննարկում են Բաշշար ալ-Ասադի իշխանության վատ կողմերը, վարչակարգի գործած սխալները, անմարդկային արարքները, բոլորն ինչ-որ մի կետում հանգում են նրան, որ չնայած «Բաաս» կուսակցության որդեգրած մոտեցումներին՝ հայր Ասադն ամեն ինչ արել է՝ սաղմում «ճզմելու» երկրի կրոնական մեծամասնության՝ սուննի իսլամների խոսքն ու կարծիքը։
Այդ ճնշումների չափն ամեհի է եղել, հաճախ՝ արյունալի եւ սարսափեցնող։ Սիրիայի Համա եւ Հոմս քաղաքներում սունների սպանդները դրանց ընդամենը հայտնի օրինակներն են. Ասադյան վարչակարգի հիմնադիր՝ Հաֆեզ ալ- Ասադը, իր եղբորը՝ Ռիֆհաթ Ասադին ապավինելով, անխնա սպանության է ենթարկել հազարավոր սիրիացիների՝ քաղաքական դրդապատճառով, բայցեւ՝ կրոնական տարբերության հողի վրա:
1980-ականների այդ աղմկալի սպանությունները Սիրիայի իշխանության համար մի քանի խնդիր են լուծել. նախ ոչնչացրել են ապստամբ հատվածին եւ երկրորդ՝ բոլորին հուշել (կամ՝ զգուշացրել), որ Սիրիան ղեկավարվելու է միայն ու միայն ալավիների կողմից:
Արաբական աշխարհում իրադրությունն այդ տարիներին այնպիսին էր, որ սուննի արաբները նոր-նոր էին դուրս գալիս դեպի նավթի աշխարհ, որի միջոցով էլ ստեղծել են այսօր իրենց ունեցած արդիական տերությունները (մանավանդ՝ Ծոցի երկրներում): Եվ այդ իրադրության ֆոնին հավանաբար շատ ժամանակ չունեին մտածելու, խորհելու կամ քայլեր ձեռնարկելու, թե ինչ միջոցներով պետք է կառավարվի տարածաշրջանը, կամ ինչ քայլերի պետք է դիմեն, որ Սիրիան էլ, որպես արաբական տերություն, մնա իրենց այդ շղթայում՝ «արաբական ծոց»-ում:
Փորձեր, այնուամենայնիվ, եղել են. հիշենք, որ Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը կազմել էր Արաբական Միացյալ Հանրապետություն, որը Եգիպտոսի (ներառյալ Գազայի կառավարումը) եւ Սիրիայի միջեւ 1958-1961 թվականներին եղած քաղաքական միություն էր, բայց կարճ կյանք ունեցավ, Սիրիան անջատվեց այդ միությունից (ավելի ուշ՝ 1971-ին, նաեւ այդ միավորը պաշտոնապես լուծարվեց):
Եգիպտոսի նախագահը մեծ հույսեր եւ նպատակներ ուներ, որ Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի հետ պիտի կարողանա ուժեղ, ամուր եւ կայուն արաբական միացյալ ճակատ ստեղծել, բայց հուսախաբ եղավ: Իր հուսախաբության հրապարակային ճառում Գամալ Աբդել Նասերը շեշտել էր, որ արաբական միացյալ ճակատի ստեղծման հիմնական խոչընդոտը Սիրիայի «Բաաս» կուսակցության ոճն ու մոտեցումներն են:
Ի դեպ, Սիրիայի այսօրվա փաստացի առաջնորդի՝ Ալ-Ջուլանիի հայրը՝ Հուսեյն ալ-Շարաան, այդ տարիներին արաբ ազգայնական ուսանողական ակտիվիստ էր, որն աջակցում էր Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերին: Նա բանտարկվել է հականասերական զտումների ժամանակ, եւ հենց այդ ժամանակ էր, որ տրոհվեց Արաբական Միացյալ Հանրապետությունը, եւ իշխանության բերվեց Արաբական Սոցիալիստական «Բաաս» կուսակցությունը:
Սիրիան, այն ժամանակ պոկվելով Մերձավոր Արեւելքում ստեղծված Արաբական Միացյալ Հանրապետությունից, որդեգրեց ինքնահատուկ կառավարման ոճ եւ ինչ-որ տեղ օտար դարձավ արաբական աշխարհի համար:
Սիրիայի նախագահն իրեն ավելի հարազատ էր զգում Խորհրդային Միության հետ եւ տրվել էր Խորհրդային Միության մի մասնիկը կամ տեսակը լինելու երազին: Ո՜վ չի հիշում սիրիական կյանքի դրվածքը՝ հար եւ նման խորհրդային աշխարհին՝ սկսած միանման դպրոցական պարտադիր համազգեստից, որը Սիրիայի դեպքում կանաչ էր եւ հիշեցնում էր սիրիական բանակի զինվորների հագուկապը, վերջացրած երկրի առաջնորդի՝ ամենուր կախված պատկերներով: Գլխավոր քաղաքների՝ Դամասկոսի, Հալեպի, Լաթակիայի, Տարտուսի, Բանիասի մեծ հրապարակներում երկրի առաջնորդի արձաններն էին, եւ նաեւ գաղտնի մի սարսափ, որ տիրում էր ամենուրեք:
Գաղտնի սպասարկության՝ «Մուխաբարաթ»-ի ոգին թեւածում էր ամեն տեղ, եւ երկրի նախագահի ժպիտի ներքո օդում կախված էր մի հարց՝ ո՞վ է լինելու հաջորդ զոհը, ձերբակալվողը կամ հալածվողը:
Սիրիայում ապրող հայությունը, ինչ խոսք, անմասն էր այս ամեն ինչին. նա, «Բաաս»-ի թեւերին «թառած», երջանիկ կյանք էր վարում՝ դառնալով Ասադի ամենասիրելի եւ ամենագովելի համայնքը երկրում: Բայցեւայնպես, փոքր չէր սիրիահայ այն երիտասարդների թիվը, որոնք խույս էին տալիս դեպի Բեյրութ, դեպի Բուրջ Համուդ:
Նրանք «փախստական» էին կոչվում եւ Սիրիայից փախչում էին պարզապես երկրի բանակում չծառայելու համար… Լինում էր նաեւ, որ ձերբակալվում էին, եւ այդ հայ երիտասարդներից շատերը փտեցին Սեդնայայի կամ Դամասկոսի ու Հալեպի կենտրոնական բանտերում…
Բաշար ալ-Ասադը ոչ միայն շարունակում էր իր հոր բռնած այս ճանապարհը, այլեւ ավելի էր սաստկացնում այն: Ամենուր հալածանքներ էին՝ ազատ խոսքի, ազատ կամքի կամ կարծիքի արտահայտության առումով, եւ դրանց հիմնական թիրախը, բարեբախտաբար, հայերը չէին: Այդ հալածանքների թիրախը միշտ սուննիներն էին:
Այսօր ալավի-բաասական համակարգի տապալումով երկրի գլխավոր հրապարակներում տապալվում են նաեւ հայր Ասադի արձանները, պատռվում են որդի Ասադի մեծադիր լուսանկարները: Դրանք ոտքի տակ են առնում ընդդիմադիրները՝ կրոնական, քաղաքական վրեժխնդրության բոլոր դրսեւորումներով եւ հեղաշրջման անգիր օրենքներով, իսկ երկրի այս պահի գլխավոր առաջնորդը՝ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, որն արդեն հանդես է գալիս իր իսկական անունով՝ Ահմադ Հուսեյն ալ-Շարաա, հայտարարում է. «Հերիք է այլեւս, Սիրիայի ժողովուրդը հոգնել է պատերազմներից, ժամն է եկել իրական խաղաղության»։
Վերլուծաբանները չեն մոռանում նշել, որ Սիրիայում երկարատեւ եւ իրական խաղաղությունը հաստատվելու է միայն ալավի-սուննիական համերաշխությամբ, այդ երկու համայնքների միջեւ խելամիտ հարաբերությունների ստեղծմամբ: Կհաջողվի՞ արդյոք այս մեկը այսքան բան տեսած Սիրիայի պարագայում:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։