ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատուների կամ դրանում ներգրավվածների» համար ԱՄՆ վիզաների տրամադրումը արգելելու մասին։
Հայտարարության համաձայն՝ նոր սահամանափակումները կվերաբերվեն ընդհանուր առմամբ քսան անձանց, այդ թվում նախարարներին, խորհրդարանի անդամներին, իրավապահ մարմիններին եւ ուժային կառույցների ղեկավարներին, ինչպես նաեւ մասնավոր քաղաքացիներին:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակվող դաժան եւ անհիմն բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Վրացական երազանքը» շեղվել է Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որը ցանկանում է վրացիների ճնշող մեծամասնությունը, եւ որը նախատեսված է երկրի սահմանադրությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը նաեւ նշում է, որ նախապատրաստվում են լրացուցիչ միջոցներ, այդ թվում պատժամիջոցներ։
Ավելի վաղ՝ ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ էր մտցրել «Վրացական երազանք»-ի հետ կապված ավելի քան 100 մարդու եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Դրանք սկսվեցին նոյեմբերի 28-ին, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցությունների հարցը օրակարգ բերելու մինչեւ 2028 թվականը։
Կոբախիձեի նման որոշման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ հատուկ միջոցներ է կիրառում։ Բերման է ենթարկվել ավելի քան 300 մարդ։