ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի տարբերակներ է դիտարկում միջուկային զենք ստեղծելու Իրանի նախաձեռնությունները խոչընդոտելու համար, այդ թվում՝ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականին զրուցակիցները հայտնել են, որ Թրամփի թիմը Իրանի դեմ մշակում է, այսպես կոչված, «առավելագույն ճնշում 2.0» կոչվող ռազմավարությունը։ Ծրագրին ծանոթ չորս անձինք էլ հայտնել են, որ Թրամփը դիտարկում է երկու հնարավոր ռազմավարություն։
WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նշյալ ծրագրի առաջին տարբերակը ենթադրում է, որ ԱՄՆ-ը կմեծացնի ռազմական ճնշումը Իրանի վրա՝ մեծ թվով ամերիկյան զորքեր, ինքնաթիռներ եւ նավեր ուղարկելով Մերձավոր Արեւելք։ Բացի այդ՝ ծրագիրը նախատեսում է Իսրայելին վաճառել առաջադեմ զինատեսակներ, այդ թվում՝ բունկերներ խոցելու ունակ ռումբեր, որոնք կուժեղացնեն իսրայելական բանակի հարձակողական կարողությունները եւ հնարավորություն կտան շարքից դուրս բերելու Իրանի միջուկային օբյեկտները:
Երկրորդ տարբերակը ուղիղ ռազմական ուժի կիրառման սպառնալիքն է, որը կարող է զուգորդված լինել ԱՄՆ-ի կոշտ ֆինանսական պատժամիջոցներով՝ նպատակ ունենալով խաթարելու Իրանի տնտեսությունը: Ինչպես գրում է WSJ-ն, սա կարող է պաշտոնական Թեհրանին մղել դեպի ճգնաժամի դիվանագիտական կարգավորումը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի թիմի որոշ անդամներ «լրջորեն» դիտարկում են Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Պարբերականը նշում է, որ Թրամփը զուգահեռաբար նաեւ այնպիսի տարբերակներ է փնտրում, որոնք կկանխեն նոր պատերազմի բռնկումը, ներառյալ այնպիսիք, որին կարող են մեծ հավանականությամբ մասնակցել ամերիկյան զինված ուժերը։ WSJ-ն նշում է, որ Թեհրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի եւ Իրանի ուղիղ բախման։
Զրուցակիցները նաեւ հայտնել են, որ «ակտիվացել են» Իրանի միջուկային ծրագրի շուրջ «զգայուն քննարկումները», սակայն դրանք դեռեւս «վաղ փուլում են»։
Անհասկանալի է, թե որ տարբերակն է ընտրելու Թրամփը, որը հայտարարել է, որ ձգտում է խուսափելու երրորդ համաշխարհային պատերազմից: Միեւնույն ժամանակ, ընտրված նախագահը դեկտեմբերի 12-ին Time-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է պատերազմել Իրանի դեմ, այդ թվում այն պատճառով, որ Թեհրանը պլաններ է մշակում նրան սպանելու համար: «Ամեն ինչ կարող է պատահել. սա շատ անկայուն իրավիճակ է»,- ասել էր Թրամփը։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին: Պաշտոնական Թեհրանը մշտապես հերքել է, որ միջուկային զենք է մշակում։
Հիշեցնենք նաեւ, որ Թեհրանը խոստացել է նախագահ Թրամփից վրեժխնդիր լինել 2020 թվականի հունվարի սկզբին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար գեներալ Կասեմ Սոլեյմանիի սպանության համար։