Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հայաստանի պատվիրակության կազմում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստի ընթացքում ունեցած ելույթի շրջանակում Փաշինյանը «առանցքային» անվանեց ԵԱՏՄ-ի տրանսպորտային եւ լոգիստիկ ներուժի զարգացումը, որոնք, ըստ վարչապետի, անդամ երկրները ամբողջությամբ չեն օգտագործում։
«Այս համատեքստում հարկ եմ համարում եւս մեկ անգամ նշելու մեր տարածաշրջանի համար մասշտաբային «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարեւորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների ստեղծում եւ արդիականացում»,- ասել է ՀՀ վարչապետը։
Շարունակելով միտքը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նախաձեռնած այս նախագիծը կարող է բարենպաստ պայմաններ ապահովել բոլոր շահագրգիռ պետությունների միջեւ տրանսպորտային եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ զուգահեռաբար շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի «երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա»:
ՀՀ վարչապետն իր ելույթում նաեւ հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել եւ շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ, սակայն այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետեւանքով հայտարարված նախաձեռնությունների մի մասը լիարժեքորեն չի գործում։
«Հաշվի առնելով այս ոլորտի բարդ կառուցվածքը՝ էներգակիրների միասնական շուկայի ձեւավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված են կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։ Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը եւ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն ամրապնդելու էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ կարագացնեն էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
Նշենք նաեւ, որ ավելի վաղ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Մոսկվայում նախատեսված չէ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։