Վրաստանի միակուսակցական, լեգիտիմություն չստացած խորհրդարանում այսօր 09:00-ից մեկնարկում է երկրի 6-րդ նախագահի ընտրությունը:
Այս ընտրությունը պատմական է երկու պատճառով. նախ՝ առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրում, երկրորդ՝ երկրի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները կեղծված են համարում, խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ: Հետեւաբար իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 6-րդ նախագահի ընտրությունը եւս «ոչ լեգիտիմ գործընթաց» են որակում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է նախկին ֆուտբոլիստ, հակաարեւմտյան հայտարարություններով հայտնի արդեն նախկին պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիին, քանի որ նա միակ թեկնածուն է եւ հակառակորդ չունի:
5 տարի ժամկետով նախագահը պետք է ընտրվի 300-հոգանոց կոլեգիայի կողմից։ Կոլեգիայի հիմնական կազմը «Վրացական երազանք»-ից է, ուստի Կղավելաշվիլիի նախագահ դառնալու հավանականությունը մեծ է:
Նախագահի ընտրությունը համարվում է ավարտված, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների ամբողջ կազմի կեսից ավելին՝ առնվազն 150-ը: Նախագահ ընտրելու համար բավարար է կոլեգիայի անդամների 2/3-ի՝ 200 անդամի աջակցությունը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պաշտոնապես ընդգրկված են կոլեգիայում, քանի որ նրանց մանդատները դեռ ուժի մեջ են: Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է՝ չի մասնակցի քվեարկության գործընթացին:
Նախագահի ընտրությունը կավարտվի ամենաուշը 14:00-ին։
Նորայր Միսկարյան