Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնանկ արեց երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի առնչությամբ, հայտնում են Yonhap-ը եւ Reuters-ը։
Yonhap-ի փոխանցմամբ՝ իմփիչմենթին կողմ է քվեարկել 204, դեմ՝ 85 պատգամավոր։ Եվս երեք պատգամավոր ձեռնպահ է մնացել, ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 200 ձայն։
Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կիրականացնի վարչապետ Հան Դեոկ Սուն։
Իմփիչմենթի դեպքում Յուն Սեոկ Յոլը կկորցնի իր լիազորությունները, սակայն կմնա իր պաշտոնում մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը, նշում է Reuters-ը։ Եթե դատարանը պաշտոնանկ անի նախագահին, ապա ընտրությունները պետք է տեղի ունենան 60 օրվա ընթացքում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սեոկ Յոլը երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ այն բացատրելով «հյուսիսկորեական նողկալի հակապետական ուժերին արմատախիլ անելու» անհրաժեշտությամբ, եւ ընդդիմադիր կուսակցություններին կոչ արեց «անհապաղ դադարեցնել զայրույթ առաջացնող գործողությունները, որոնք կաթվածահար են անում երկրի գործունեությունը»։
Ի պատասխան նախագահի այս քայլի՝ Հարավային Կորեայի խորհրդարանը հրատապ նիստ գումարեց եւ քվեարկեց արտակարգ դրության վերացման օգտին։ Որոշումը հաջորդիվ հաստատեց կառավարությունը, ինչի արդյունքում էլ վեց ժամ անց արտակարգ դրությունը հանվեց։
Նախագահին պաշտոնանկ անելու առաջին փորձը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին, սակայն այդ ժամանակ խորհրդարանը չկարողացավ քվեարկություն ապահովել։ Գործող նախագահին պաշտոնանկ հայտարարելու համար անհրաժեշտ է 300 պատգամավորներից 200-ի աջակցությունը, սակայն իշխող կուսակցության 108 պատգամավորներից 105-ը այդ օրը լքեցին նիստերի դահլիճը եւ չքվեարկեցին։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն հրաժարվի նախագահին պատասխանատվության ենթարկելու փորձերից։ Յուն Սեոկ Յոլն էլ հայտարարեց, որ հրաժարական չի տա եւ «պայքարելու է մինչեւ վերջ»։
Բացի այդ ամենից՝ նախագահի նկատմամբ նաեւ քրեական գործ է հարուցվել ապստամբություն կազմակերպելու հոդվածներով, ինչը կրկին կապված է արտակարգ դրություն մտցնելու հետ։ Յուն Սեոկ Յոլը զուգահեռաբար մեղադրվում է նաեւ դավաճանության եւ իշխանության չարաշահման համար։ Ոստիկանությունը չի բացառել նրան հարցաքննության հրավիրելը։ Դեկտեմբերի 9-ին արդեն նրան արգելվել է լքել երկիրը։