Մոտ մեկ ամիս առաջ համացանցում Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց նկատել էին քվադրոբերի։ Մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ քվադրոբիկան տարածվում է նաեւ Հայաստանում։
Քվադրոբերները հիմնականում դեռահասներ են, որոնք զբաղվում են կենդանիների վարքի եւ սովորությունների նմանակմամբ։ Ոմանք ուտում են կենդանիների համար նախատեսված կեր։ Այս նմանակումը դիտարկվել է որպես ենթամշակույթ կամ հատուկ ոչ պաշտոնական մարզաձեւ։
Տերմինն առաջացել է լատիներեն quattuor (չորս) եւ անգլերեն aerobics (աերոբիկա) բառերից: Քվադրոբերները տեղաշարժվում են չորս վերջույթներով՝ ձեռքերով ու ոտքերով։ Զանգվածային լրատվամիջոցներում այս երեւույթը նկարագրելիս օգտագործվում են «քվադրոբիկա» եւ «քվադրոբինգ» տերմինները (ավելի հազվադեպ՝ «քվադրոբերինգ»)։
Վերջին ամիսներին քվադրոբերների թեման այնքան ակտիվորեն է քննարկվում, որ դրա մասին խոսում են նաեւ քաղաքական գործիչները: Թեման ակտիվորեն շրջանառվում է Ռուսաստանում, որտեղ արդեն օրենքով պատիժ է սահմանվել քվադրոբինգով զբաղվողների, այդ երեւույթը պրապագանդողների համար։
Ի դեպ, հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել էր քվադրոբերների հարցը Կրեմլում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջեւ բանակցություններից առաջ։
«Ձեզ մոտ քվադրոբերներ կա՞ն։ Երեխաները շուն են ձեւանում։ Սա ամենակարեւոր լուրերից է։ Կենդանիների նման են քայլում»,- նշել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Միրզոյանը պատասխանել էր. «Ես տեսել եմ, բայց երեւույթն ինքնին անծանոթ է»։
Քվադրոբիկան այնքան է տարածվել, որ առցանց խանութներում ակտիվորեն վաճառում են համապատասխան հանդերձանք, դիմակներ, աքսեսուարներ։ Ընդ որում, կայքերն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել, որ գնումներ կատարողները շատ են։
Հոգեբան Արփինե Դավթյանը, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անդրադառնալով քվադրոբիկային, ասում է՝ կարծիք կա, որ այս երեւույթն օգնում է ազատվելու սթրեսից, մինչդեռ այն իրականում շատ բացասական կողմեր ունի։
«Քվադրոբիկան վտանգավոր է այն դեռահասների համար, որանք առանձնապես սոցիալականացված չեն, չունեն շփումներ իրենց հասակակիցների հետ, հեռու են իրենց ծնողներից եւ աչքի են ընկնում սոցիալական իրականությունից կտրված լինելով»,- մանրամասնում է հոգեբանը։
Քանի որ քվադրոբերները տեղաշարժվում են ձեռքերով ու ոտքերով, նրանք կարող են վայր ընկնել։ Այսինքն՝ կա վնասվածք ստանալու հավանականություն։ Որոշ դեպքերում էլ նրանք կենդանիների համար նախատեսված կեր են ուտում․ սա եւս առողջության համար վնասակար է։
Ըստ հոգեբանի՝ այս ենթամշակույթը պատանիներին գրավում է իրենց անհատականությունը գտնելու եւ արտահայտելու փորձեր կատարելու հնարավորության համար։ Նրանք մտածում են՝ այդ կերպ կարելի է ինքնադրսեւորվել՝ միաժամանակ խախտելով ստանդարտ ընկալումների որոշակի սահմաններ։ Քվադրոբինգով զբաղվելու պատճառը կարող է լինել նաեւ ծանր իրականությունից (օրինակ՝ կոնֆլիկտներ եւ ընտանեկան բռնություն) հեռանալու ցանկությունը:
Քվադրոբինգով զբաղվող դեռահասի մարմնում տեղի է ունենում գլոբալ վերակազմավորում ֆիզիկական եւ հոգեհուզական մակարդակներում: Այս հորմոնալ վերադասավորումը կարող է դառնալ սահմանային հոգեկան խանգարումների դրսեւորման սկիզբ:
Արփինե Դավթյանը կարծում է՝ քվադրոբիկայի տարածումը կանխելու համար հարկավոր է քննարկումներ, զրույցներ ունենալ դպրոցահասակների, երիտասարդների եւ նրանց ծնողների հետ։ Նա մշակել է հատուկ հոգեբանական հետազոտման տեխնիկա «Երազանքին հասնելու ի՞նչ տեխնիկա կկիրառես» խորագրով, թեստավորում անցկացրել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ Թեստավորման ընթացքում մասնագետը նկատել է՝ կան երեխաներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հոգեբանական խնդիրներ ունեն։ Այդպիսի անձինք ավելի հակված են քվադրոբինգով զբաղվելու։ Հոգեբանը երեխաների հետ զրուցել է նաեւ քվադրոբինգի, դրա բացասական հատկանիշերի մասին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման նշում է՝ համաձայն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տրամադրած մասնագիտական կարծիքի՝ քվադրոբինգը առանձին ենթամշակույթ է, որի դեպքում մասնավորապես երեխաները եւ դեռահասները զբաղվում են կենդանիների վարքը նմանակելով:
«Հայաստանի Հանրապետությունում նշյալ ենթամշակույթը այս պահին գրեթե կիրառական տարածում չունի, սակայն երեւույթի նկատմամբ կա հետաքրքրություն հատկապես դեռահասների ներխմբային քննարկումներում, ինչն արդեն իսկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ազդակ է»,- տեղեկացրել է փոխնախարարը։
Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նախատեսում է դպրոցների հոգեբանների հետ իրականացվող վերապատրաստման դասընթացներում ներառել քվադրոբինգին առնչվող թեմա՝ հոգեբաններին եւ մանկավարժներին տրամադրելով երեւույթի դրսեւորման կանխարգելմանն ուղղված գործիքակազմ, որը հնարավորություն կտա աշխատելու ինչպես երեխաների եւ դեռահասների, այնպես էլ նրանց ծնողների հետ՝ հնարավորինս կանխելով ենթամշակույթի տարածումը։
Առողջապահության նախարարությունն այս երեւույթը կանխարգելելուն ուղղված քայլեր դեռեւս չի անում։ Նախարարության հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանն ի պատասխան մեր գրավոր հարցման տեղեկացրել է՝ մեր երկրում քվադրոբինգի տարածվածության վերաբերյալ դեռեւս չկա պաշտոնական վիճակագրություն։ Հայաստանն առայժմ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունից քվադրոբինգի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ցուցումներ ու առաջարկություններ չի ստացել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։